«Սասնա ծռեր» -ի անդամներին սնունդ հասցրած Արթուր Սարգսյանին նույն մեղադրանքն է առաջադրվել
Իրավունք
10:44 03/08/2016
Հայաստան

«Սասնա ծռեր» -ի անդամներին սնունդ հասցրած Արթուր Սարգսյանին նույն մեղադրանքն է առաջադրվել

Ոստիկանության ՊՊԾ գունդը գրաված «Սասնա ծռեր»  խմբի անդամներին սեփական մեքենայով սնունդ հասցրած Արթուր Սարգսյանին նույն մեղադրանքն է առաջադրվել, ինչ «Սասնա ծռեր» խմբի մյուս անդամներին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 218-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (պատանդ վերցնելը) և 235-րդ հոդվածի 3-րդ մասով (ապօրինի զենք զինամթերք ձեռք բերել, իրացնել, պահել, փոխադրել),-  Panorama.am-ին տեղեկացրեց փաստաբան Ինեսա Պետրոսյանը:

«Աբսուրդ է, բոլորն էլ գիտեն, թե այդ տղան որ օրն է գնացել, ինչ նպատակով: Նպատակը եղել է միայն սնունդ տանելն ու մարդկանց հասցնելը: Արտատպել էին նույն մեղադրանքը»,- ասաց նա:

Փաստաբան Արայիկ Պապիկյանի խոսքով, երկու ժամ չորս պաշտպանով, դատավորով, քննիչով  չէին կարողանում հասկանալ, թե  ինչպես է նա հուլիսի 17-ին մտել ՊՊԾ գունդ, այնուհետև հուլիսի 26-ին հաց տարել, այսինքն երկու մասո՞վ է մտել, թե՞ ոչ:

«Իրեն մեղադրում են զինված խմբի հետ գունդ մտնելու, պատանդ պահելու համար: Նա ունի հիվանդություններ, 5-6 մետրից ավելի չի կարող քայլել: Այդ ձևի մարդը պատանդներ է պահե՞լ»,- ասաց փաստաբանը:

Լուսանկարը՝ ԱԱԾ հրապարակած տեսանյութից։

Placeholder
«Սասնա ծռեր» -ի անդամներին սնունդ հասցրած Արթուր Սարգսյանին նույն մեղադրանքն է առաջադրվել