Ենիգոմշյանի փաստաբանը վերաքննիչ դատարան բողոք է ներկայացրել
Իրավունք
10:58 04/08/2016
Հայաստան

Ենիգոմշյանի փաստաբանը վերաքննիչ դատարան բողոք է ներկայացրել

Կալանավորված  Ալեք Ենիգոմշյանի համար «Արմավիր» քրեականատարողական հիմնարկում օրենքով սահմանված անհրաժեշտ պայմաններ չեն ապահովել: Այս պահին ապահոված են միայն ապրելու համար անհրաժեշտ պայմանները: Panorama.am-ին հայտնեց Ենիգոմշյանի փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանը:

«Այն միջազգային պարտավորությունները, որոնք ստանձնել է Հայաստանը, պահանջում են հատուկ մասնագիտացված անձինք, որպեսզի նրան խնամեն »,-ասաց Բաղդասարյանը:

Ցանկության պարագայում կա՞ հնարավորություն նման մասնագետներով ապահովելու համար՝ հարցին ի պատասխան Ենիգոմշյանի շահերի պաշտպանը նշեց. «Ես չեմ կարող ասել, բայց մենք ստանձնել ենք նման պարտավորություն՝ հատուկ մասնագիտացված անձանց միջոցով ստանձնել հաշմանդամների խնամքը: Ինչքանով ես հասկացա, հատուկ վերապատրաստում անցած անձինք Հայաստանում չունենք: Որոշակի պատճառաբանություն են ներկայացնում, թե նախկինում նման հաշմանդամություն ունեցող կալանավորված չի եղել: Բայց օրենքը մնում է օրենք, պետությունը պետք է ունենար վերապատրաստված նման մասնագետներ, որպեսզի անհրաժեշտության դեպքում ծառայություն մատուցեին»:

Ալեք Ենիգոմշյանը մինչ այս պահը չի ստորագրել գործի նյութերի ներքո:

«Մենք երեկ վերաքննիչ դատարան բողոք ենք ներկայացրել, հուսով ենք՝ կբավարարվի: Ենիգոմշյանին չեն տրամադրվել  փաստաթղթերի պատճենները՝ բրալյան տարբերակով, ինչի հետևանքով նա զրկված է դրանց ծանոթանալու հնարավորությունից, սա դատավարական կոպիտ խախտում է»,-ասաց Բաղդասարյանը:

Փաստաբանի խոսքով, վերաքննիչ ներկայացրած բողոքը կազմելիս նկատել է, որ Քրեական դատավարության օրենսգրքի գրեթե բոլոր հոդվածներն այս գործով խախտվել են:

ԱԱԾ-ից ավելի վաղ հայտարարել էին՝ «ՀՀ քաղաքացի Արա Ալեքսանդր Վահրամի Կոմշույանը (Ալեք Ենիգոմշյան) բերման է ենթարկվել կազմակերպված խմբի կողմից զենքի կիրառմամբ, կյանքի և առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելով ՀՀ ոստիկանության պարեկապահակային ծառայության (ՊՊԾ) գնդի շենքերը և շինությունները զավթելու և պահելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործով և կասկածվում է օժանդակելու մեջ։ Քաղաքացի Կոմշույանը կասկածվում է ՀՀ քրեական օրենսգրքի 219-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով նախատեսված հանցագործության՝ կազմակերպված խմբի վերոգրյալ հանցավոր գործողություններին օժանդակելու մեջ»:

Placeholder
Ենիգոմշյանի փաստաբանը վերաքննիչ դատարան բողոք է ներկայացրել