Արման Թաթոյանը հանդիպել է «Human Rights Watch»-ի ներկայացուցիչների հետ
Իրավունք
14:48 05/08/2016

Արման Թաթոյանը հանդիպել է «Human Rights Watch»-ի ներկայացուցիչների հետ

Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն աշխատանքային քննարկում է ունեցել «Human Rights Watch» միջազգային կազմակերպության փոխտնօրեն, Եվրոպայի եւ Կենտրոնական Ասիայի գծով ղեկավարի տեղակալ Ջեյն Բյուքենենի եւ նույն կազմակերպության Հարավային Կովկասի գծով տնօրեն Գիորգի Գոգիայի հետ:

ՄԻՊ գրասենյակից հայտնում են, որ հանդիպման ընթացքում ընդգծվել է ոստիկանության կողմից թույլ տրված խախտումների, քաղաքացիների նկատմամբ բռնություն գործադրելու մասին տեղեկությունների հիման վրա մանրամասն ու հաշվետու քննություն իրականացնելու կարևորությունը:

Պաշտպանը Ջ. Բյուքենենին եւ Գ. Գոգիային տեղեկացրել է, որ արդեն իսկ համապատասխան նյութերն ուղարկել է քրեական հետապնդման մարմիններին՝ քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված ընթացակարգի շրջանակներում դրանք քննարկելու նպատակով:

Քննարկվել է նաև ատելության խոսքի դեմ պայքարի ուղղությամբ միջոցներ ձեռնարկելու, այդ ուղղությամբ համատեղ միջոցառումներ իրականացնելու հնարավորությունները: Մարդու իրավունքների պաշտպանը ներկայացրել է ազատությունից զրկման վայրերում մշտադիտարկման ուղղությամբ իր և իր աշխատակազմի գործունեությունը՝ կալանավորված կամ ձերբակալված անձանց պահման պայմանների, նրանց իրավունքների ապահովման վիճակի ուսումնասիրության նպատակով:

«Human Rights Watch» միջազգային կազմակերպության ներկայացուցիչները կարևորել են Պաշտպանի հետ հանդիպումը՝ պատրաստակամություն հայտնելով հետագայում ևս շարունակել համագործակցությունը:

Placeholder
Արման Թաթոյանը հանդիպել է «Human Rights Watch»-ի ներկայացուցիչների հետ