Հայ տանկիստները դուրս են եկել «Տանկային բիաթլոնի» կիսաեզրափակիչ
Քաղաքական
11:48 06/08/2016
Հայաստան

Հայ տանկիստները դուրս են եկել «Տանկային բիաթլոնի» կիսաեզրափակիչ

Հայ տանկիստները  Ռուսաստանի Դաշնությունում և Ղազախստանի Հանրապետությունում «Միջազգային բանակային խաղեր-2016» միջոցառման  երեք մրցավազքերի արդյունքներով  դուրս են եկել «Տանկային բիաթլոն 2016» մրցույթի կիսաեզրափակիչ փուլ: rusarminfo.ru-ին այս մասին հայտնել է Հայաստանի պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչության աշխատակից Վոլոդյա Տեր-Աստվածատրյանը:

«Տանկային բիաթլոն»-ի երրորդ մրցավազքի ժամանակ Հայաստանի կողմից ներկայացված են եղել  լեյտենանտ Գևորգ Բալայանը, նշանառու օպերատորը` կրտսեր սերժանտ Սանասար Ծառուկյանը, մեխանիկ վարորդը՝ Նարեկ Շառոյանը:

Հիշեցնենք, որ «Տանկային բիաթլոն-2014» միջազգային մրցումներում հայ տանկիստները գրավել էին  երկրորդ տեղը:

ՀՀ  ՊՆ-ից հայտնեցին, որ երրորդ փուլում միմյանց հետ մրցել են Հայաստանի, Հնդկաստանի, Մոնղոլիայի, Իրանի, Չինաստանի զինված ուժերի և ՌԴ ԴՈՍԱԱՖ տանկային անձնակազմերը:

Հայաստանի ԶՈՒ տանկային անձնակազմը մրցուղին անցել է 26 րոպե 02 վայրկյանում և փուլի արդյունքներով զբաղեցրել երրորդ հորիզոնականը: Երրորդ մրցափուլի առաջատարն էր Հնդկաստանի տանկային անձնակազմը` 23 րոպե 36 վայրկյան ցուցանիշով: Երկրորդ տեղում է Չինաստանի զինված ուժերի տանկային անձնակազմը, որը մրցուղին անցել է 23 րոպե 41 վայրկյանում:

Հաջողությամբ հաղթահարելով «Անհատական մրցավազքի» երեք փուլերը` հայ տանկիստները կմասնակցեն «Տանկային բիաթլոն-2016» միջազգային մրցույթի կիսաեզրափակիչ փուլին` «Էստաֆետին», որը կմեկնարկի օգոստոսի 9-ին:

Placeholder
Հայ տանկիստները դուրս են եկել «Տանկային բիաթլոնի» կիսաեզրափակիչ