Սայադ Հարությունյանը հիվանդանոցից դուրս է գրվել, իսկ 12 տուժած դեռ շարունակում են բուժում ստանալ
Առողջություն
14:58 06/08/2016
Հայաստան

Սայադ Հարությունյանը հիվանդանոցից դուրս է գրվել, իսկ 12 տուժած դեռ շարունակում են բուժում ստանալ

ՀՀ ոստիկանության ՊՊԾ գնդի տարածքում տեղի ունեցած զինված հարձակման և դրան հաջորդած իրադարձությունների հետևանքով մայրաքաղաքի բուժհաստատություններում շարունակում է բուժում ստանալ 12 տուժած: Այս մասին Panorama.am-ին հայտնեց ՀՀ առողջապահության նախարարի մամուլի խոսնակ Անահիտ Հայթայանը:

Նրա խոսքերով՝ այսօր հիվանդանոցից դուրս է գրվել երկու տուժած, որից մեկը աչքից զրկված 17-ամյա Սայադ Հարությունյանն է: Ըստ Անահիտ Հայթայանի՝ Սայադ Հարությունյանի բուժման և աչքի պրոթեզավորման ծախսերն ամբողջությամբ հոգալու է Երևանի «Սուրբ Գրիգոր լուսավորիչ» հիվանդանոցը:

Անահիտ Հայթայանը նշեց նաև, որ հիվանդանոցում գտնվող  2 ոստիկաններից մեկի վիճակը գնահատվում է կայուն ծանր, իսկ 17-ին  ՊՊԾ գնդի տարածքում տեղի ունեցած փոխհրաձգության հետևանքով  կրծքային-որովայնային հրազենային վիրավորում ստացած ավագ ենթասպա Գագիկ Մկրտչյանի վիճակը՝ ծայրահեղ ծանր: Նա միացված է արհեստական շնչառության ապարատին, սրտանոթային համակարգի գործունեությունը պահպանվում է դեղամիջոցներով: Գագիկ Մկրտչյանն այս ընթացքում չորս անգամ ենթարկվել է վիրահատության, և բժիշկներն ամեն րոպե պայքարում են նրա կյանքի համար:

Անահիտ Հայթայանը նշեց նաև, որ Առողջապահության նախարարի հրամանով բոլոր տուժածները բուժում են ստանում պետպատվերի շրջանակներում, իսկ դժգոհությունների դեպքում կարող են զանգահարել Առողջապահության նախարարության թեժ գծին՝ 52-88-72 հեռախոսահամարով:

«Մեկ անգամ ևս տեղեկացնում ենք, որ  բոլոր տուժածների բուժումը պետպատվերի շրջանակներում է, իսկ եթե կլինեն դժգոհողներ, ապա խնդրում ենք զանգահարել մեր  թեժ-գծին»,- ասաց Անահիտ Հայթայանը: 

Placeholder
Սայադ Հարությունյանը հիվանդանոցից դուրս է գրվել, իսկ 12 տուժած դեռ շարունակում են բուժում ստանալ