Դեսպանատունը  մտահոգված է անբացատրելի պատճառներով քաղաքացիներին բերման ենթարկելու փաստով. Ռիչարդ Միլս
Քաղաքական
10:41 06/08/2016
Հայաստան

Դեսպանատունը մտահոգված է անբացատրելի պատճառներով քաղաքացիներին բերման ենթարկելու փաստով. Ռիչարդ Միլս

Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Ռիչարդ Միլսը, Հայաստանում ԵՄ պատվիրակության գործերի ժամանակավոր հավատարմատար Անդրեա Խալուպովան նախօրեին հանդիպել են  Հայաստանի Հելսինկյան կոմիտեի նախագահ Ավետիք Իշխանյանին: Այս մասին տեղեկանում ենք կոմիտեի պաշտոնական կայքից

Դեսպանը նշել է. «Վերջին երկու շաբաթների ընթացքում Հայաստանում շեշտադրվեց այն կազմակերպությունների կարևորությունը, որոնք զբաղվում են մարդու իրավունքների պաշտպանության ու մոնիտորինգի հարցերով, որոնցից մեկն էլ  Հայաստանի Հելսինկյան կոմիտեն է: Ինչպես Հելսինկյան կոմիտեն, այնպես էլ դեսպանատունը խորապես անհանգստացած են Էրեբունու դիմակայության օրերին ոստիկանության կողմից ցուցարարների նկատմամբ անհամաչափ ուժի կիրառման ու իրենց աշխատանքն իրականացնող լրագրողներին թիրախավորելու մասին արժանահավատ հաղորդումներով: Դեսպանատունը  մտահոգված է, որ դեռևս շարունակվում են խաղաղ հավաքներ անցկացնելու ու խոսքի ազատության իրենց իրավունքն իրացնող քաղաքացիներին բերման ենթարկելու մասշտաբային դրսևորումները, ինչը տեղի ունեցավ նաև երեկ գիշեր, երբ ցույցի ավարտին 25 ցուցարարներ ոստիկանության կողմից բերման ենթարկվեցին՝ անբացատրելի պատճառներով: Ուժային կառույցները և կառավարությունը չպետք է օգտագործեն հասարակական անվտանգությունն ու կարգը պահպանելու իրենց պարտավորությունը որպես միջոց, որով կվախեցնեն Հայաստանի քաղաքացիներին՝ իրացնելու խաղաղ ցույցերի  մասնակցելու իրենց իրավունքը»:

Ավետիք Իշխանյանը ներկայացրել է  Հելսինկյան կոմիտեի իրականացրած աշխատանքները, հատկապես, կոմիտեի կողմից վերջին երկու-երեք շաբաթների ընթացքում հավաքների մշտադիտարկման արդյունքները, ստացված ահազանգերի և բողոքների ուղղությամբ ձեռնարկված քայլերը: Ա. Իշխանյանը իր մտահոգությունը հայտնեց հավաքի մասնակիցների և լրագրողների նկատմամբ իրականացված բռնությունների, Հիմնադիր խորհրդարանի անդամների, քաղաքացիական ակտիվիստների և նրանց համակիրների նկատմամբ իրականցվող հետապնդումների և նրանց իրավունքների անհարկի սահմանափակումների դեպքերի վերաբերյալ:

Placeholder
Դեսպանատունը մտահոգված է անբացատրելի պատճառներով քաղաքացիներին բերման ենթարկելու փաստով. Ռիչարդ Միլս