Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Իմ կռիվը անիմաստ կդառնա, եթե դու երջանիկ չլինես. Շուլի Հակոբյան, «Հայ զինվոր»
Շուլի անուն երբեք չէի լսել, իսկ մեր Շուլին՝ Շուլի Հակոբյանը, քառօրյա պատերազմի ժամանակ երեք տանկ է խոցել: Չգիտեմ՝ աշխարհում էլի Շուլի կա, թե ոչ, բայց մի բան հաստատ է՝ մեր Շուլին իր սխրանքով փառավորեց այդ անունը,- գրում է www.hayzinvor.am-ը` Գայանե Պողոսյանի հեղինակությամբ:
Ներկայացնում ենք հատվածներ հարցազրույցից.
Իմ աշխատասենյակում ես սպասում եմ Շուլիին. նա օրերս է զորացրվել ու իր ծննդավայր Գյումրիից գալու է Երևան, որ պատմի, թե ինչպես զինվոր տղերքով փակեցին մեր հողը մտած հակառակորդի ճանապարհը:
…Շուլին բարձրահասակ է, թիկնեղ, կապուտաչյա, գեղեցիկ:
-Վահագնին ես նման,- ասում եմ:
-Ո՞ւմ,- շփոթված ժպտում է:
-Վահագնը ո՞վ է:
-Նա հուր հեր ուներ, բոց ուներ մորուս, և աչքունքն էին արեգակունք,- արտասանում եմ:
Գլխով է անում:
-Վահագնը կրակի ու պատերազմի Աստվածն է: Հեթանոս հայերը…,- երկար-բարակ բացատրում եմ:
Աչքերը կկոցած նայում է, շուրթերի ծայրին ներողամիտ ժպիտ կա:
-Ես դպրոցում գերազանցիկ եմ եղել,- ասում է: -Հենց առաջին տողն արտասանեցիք, իմացա` ում մասին է խոսքը:
«Այ քեզ Շուլի»:
Հանկարծ կիսաբաց դռնից նկատում եմ, որ միջանցքում ևս երկու հոգի կա:
-Քեզ հե՞տ են,- հարցնում եմ:
-Հա, բանակի ընկերներս են` Ռաֆայելն ու Վահեն: Ռաֆայելին պիտի որ ճանաչեք: Երբ մենք դիրքերում էինք, Դուք Երևանում հանդիպել եք նրա ծնողների հետ, հրավիրել եք Ձեր տուն, հոդված եք գրել: Ռաֆայելն էլ է երեք տանկ խոցել ու «Մարտական խաչ» երկրորդ աստիճանի շքանշան ստացել:
Զինակիցներին ներս եմ հրավիրում:
-Շուլին ու Ռաֆայելը գյումրեցի են, ես ու Վահանը` երևանցի, ուժերը հավասար են,- իբր բան ասացի:
-Կռիվ-կռի՞վ ենք խաղալու,- ծիծաղում է Շուլին:
-Դե, գյումրեցիները հայտնի են իրենց ինքնահավանությամբ, մեծամտությամբ: Միանգամից երկու գյումրեցի` 6 խոցված տանկով ու երկու «Մարտական խաչով»…
Չի թողնում միտքս ավարտեմ:
-Մենք մեծամիտ չենք: Ինքնահավան չենք: Պարզապես մենք գիտենք` ինչով պիտի հպարտանանք:
....
-...կյանքում պահեր կան, որ տղամարդկային արժանապատվությունդ մահվան սարսափից ուժեղ է:
-Պատերազմի ժամանա՞կ էլ էր նույնը:
-Նույնն էր: Վախենում էի, բայց այլընտրանք չկար: Հրամանատարն ասաց` տանկերի հարվածից արդեն երկու զոհ ունենք, ով կգնա լռեցնելու դրանց:
«Ե՛ս»,- ասացի: Հնարավո՞ր էր չասել:
-Չգիտեմ:
-Հնարավոր չէր: Պարզից էլ պարզ էր, որ տանկի դեմ գնալը մահվան հետ պահմտոցի խաղալ է:Թուրքը խփում էր բոլոր զինատեսակներով, արկերը թափվում էին կարկտի պես: Ռաֆայելն էլ «ինքնառաջադրվեց»:
-Ո՞նց «ինքնառաջադրվեց»:
Շուլին բարձրաձայն ծիծաղում է:
-Դե, ասաց, որ ինքն էլ կգնա տանկերի դեմ: Ու ինքն էլ էր վախենում մեռնելուց: Ու կյանքը շատ էր սիրում: Բայց երեք տանկ խոցեց: Ու ինձ համար հիմա միևնույն չի, թե դու ոնց ես ապրում` սոված ես, թե կուշտ, երջանիկ ես, թե դժբախտ: Ես ընկերներ եմ կորցրել քառօրյա պատերազմում, ես կռվել եմ թշնամու դեմ, ու էդ ամենը կարժեզրկվի, իմ կռիվը անիմաստ կդառնա, եթե դու երջանիկ չլինես ու չսիրես քո երկիրը` ի՛մ երկիրը: Եթե խռովես քո երկրից ու քո ժողովրդից:
-Իսկ դու երջանի՞կ ես: Ո՞նց ես ապրում, ինչպե՞ս ես կառուցելու կյանքդ:
-Համալսարանի տնտեսագիտության բաժնում կշարունակեմ ուսումս: Ավարտելուց հետո կձգտեմ աշխատանք գտնել: Իմ պապերը թիթեղագործներ են, հայրս էլ: Ինձ էլ են սովորեցրել այդ արհեստը: Շուլի պապս ասում էր` ուզում ես՝ պրոֆեսոր եղիր, պիտի մի արհեստ իմանաս: Ես սիրում եմ աշխատել, սոված չեմ մնա:
Տղաները գնում են: Իսկ իմ ականջներում զինվորի ձայնն է.
-Իմ կռիվն անիմաստ կդառնա, եթե դու երջանիկ չլինես ու չսիրես քո երկիրը` ի՛մ երկիրը: