Ուսանող դառնալու համար առաջին նախապայմանը ուսման վարձն է
Կրթություն, գիտություն
16:07 12/08/2016
Հայաստան

Ուսանող դառնալու համար առաջին նախապայմանը ուսման վարձն է

Ուսումնական տարին դեռ չսկսված ուսանողների ծնողներն արդեն մտահոգ են, քանի որ այն ուսանողները, ովքեր ի վիճակի չեն լինում սահմանված ժամանակահատվածում վճարել ուսման վարձը, ինքնըստինքյան դուրս են մնում բուհից: Ուստի այսօր բազմաթիվ ծնողների թիվ մեկ խնդիրն ուսման վարձն է:

Առավել մտահոգ են առաջին կուրսի ուսանողների ծնողները. եթե վարձավճարի մի մասը սահմանված ժամկետում չվճարեն, նրանց երեխաներին կարող են փոխարինել ավելի քիչ միավորներ հավաքած, բայց վճարունակ դիմորդները:

ՀՀ կրթության և գիտության նախարարության բուհերի համակարգման և կազմակերպման բաժնի պետ Սասուն Մելիքյանը Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց, որ յուրաքանչյուր բուհ ունի իր կանոնադրությունը և բուհն է որոշում վարձավճարների մուծման ժամկետները:

Ըստ նրա, գրեթե բոլոր պետական բուհերում գործում է նույն կարգը. յուրաքանչյուր դիմորդ ընդունվելիս պայմանագիր է կնքում բուհի հետ, իսկ վճարովի համակարգով ընդունվածները մինչև չեն վճարում առաջին կիսամյակի վարձը՝ չեն հրամանագրվում:

Ս.Մելիքյանի դիտարկմամբ՝ բուհերը շահագրգռված են, որ հնարավորինս շուտ վճարումներ կատարվեն, սակայն որոշ դեպքերում, երբ ուսանողները սոցիալական խնդիրներ են ունենում, փորձում են ընդառաջել: Մինչդեռ առաջին կուրսի ուսանողների խնդիրն այլ է, քանի որ նրանք նոր են մուտք գործել բուհ և պետք է հրամանագրվեն, ուստի վարձի վճարման որոշակի ժամկետ է տրված:

Երևանի պետական համալսարանից Panorama.am հայտնեցին, որ առաջին կուրսի ուսանողների վարձավճարների ժամկետը սեպտեմբերի 10-15-ն է, և մինչև վճարը չմուծեն նրանք ուսանող չեն համարվում: Ինչ վերաբերում է բարձր կուսեցիներին, ապա նրանց համար ուսման վարձի վճարման ժամկետը, ըստ նրանց հետ կնքված պայմանագրերի, մեկ ամիս է կամ 40 օր:

Հայաստանի պետական տնտեսագիտական համալարսանից  տեղեկացրեցին՝ ինչպես «Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության մասին» ՀՀ օրենքն է նախատեսում՝  առաջին կուրսեցիներն առաջին կիսամյակի վարձը պետք է վճարեն մինչև սեպտեմբեր, իսկ մյուսները՝ մինչև սեպտեմբերի վերջ:

Միաժամանակ նշեցին, որ վերջին տարիներին որևէ ուսանող վարձավճարի պատճառով համալսարանից դուրս չի մնացել:

Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանում նույնպես առաջին կուրսեցիների վարձի վճարման ժամկետը մինչև օգոստոսի 31-ն է: Համալսարանից հայտնեցին, որ  բարձր կուրսի ուսանողների համար վարձի մի մասի վճարման ժամկետը մինչև սեպտեմբերի 15-ն է:

 

Placeholder