Սևանի գրողների միության տունը «Գեթթիի» ուշադրության կենտրոնում է
Մշակույթ
12:45 12/08/2016
Հայաստան

Սևանի գրողների միության տունը «Գեթթիի» ուշադրության կենտրոնում է

Սևանի գրողների միության տունը, որը Գևորգ Քոչարի և Միքայել Մազմանյանի կողմից նախագծվել էր 1932-ին, հնարավոր է վերականգնվի և նոր, թարմ տեսք ստանա: Հանրահայտ «Գեթթի» հիմնադրամի (Getty Foundation) պաշտոնական կայքէջից տեղեկանում ենք, որ հիմնադրամը ընտրել է Սևանի գրողների միության տունը, որպես խորհրդային մոդեռնիզմի ժառանգություն և կաջակցի շինության վերաբերյալ մեթոդական և գիտական վերլուծությանը: Դրա համար Հիմնադրամը հատկացրել է 130 հազար ԱՄն դոլար:

«Արդյունքում պահմանման կառավարման պլանը կսահմանվի նախադեպ՝ արժևորելով մոդեռնիստական ժառանգությունը ոչ միայն Հայաստանի, այլ նաև հետխորհրդային մյուս երկրների», -նշված է հիմնադրամի կայքէջում:

Արվեստի քննադատների ազգային ասոցիացիայի նախագահ Ռուբեն Արևշատյանը, որը Սևանի գրողների հանգստյան տան վերականգնման նախագծի գիտական ղեկավարն է նաև, Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում տեղեկացրեց, որ մինչ Հիմնադրամի ուշադրության կենտրոնում հայտնվելը, ինքը բազմաթիվ գիտական հոդվածներ է գրել Սևանի գրողների միության տան շենքի վերաբերյալ՝ համարելով այն յուրահատուկ կառույց:

«Հիմնադրամը ծանոթացել էր իմ հոդվածներին, ինչպես նաև խորհրդային մոդեռնիզմի հետազոտությանն էին ծանոթ, որն արել էի ես և իմ ավստրիացի գործընկերը: Մենք տարիներ շարունակ իրականացրել ենք բազմաթիվ ցուցադրություններ, այսինքն՝ խորհրդային մոդեռնիզմի թեման վերջին տարիներին ճարտարապետության ոլորտում դարձել էր բավականին ակտուալ թեմա: Հիմնադրամից կապվեցին ու արդյունքում սա», -փոխանցեց պարոն Արևշատյանը:

Սևանի գրողների միության տան վերականգնման շրջանակներում ներկայացնելով անելիքը, արվեստաբանը ներկայացրեց.

«Հանգստյան տան համալիրի գիտական վերականգնումը ենթադրում է նրա տեսական, պատմական հետազոտությունը, ինչպես նաև կառուցվածքային հետազոտությունը, որի հիման վրա պետք է ձևավորվի պահպանության կառավարման պլանը և նոր միայն, հիմնվելով դրանց վրա, պետք է էսքիզային մակարդակով վերականգնման նախագիծ մշակվի: Այս փուլը ամփոփվելու է գիտաժողովով, որտեղ պետք է մասնակցեն թե խորհրդային մոդեռնիզմը ուսումնասիրող հայտնի միջազգային մասնագետներ, թե տեսաբաններ, թե «Գեթթի» հիմնադրամի շրջանակներում վերականգման նախագծեր իրականացրած հայտնի մասնագետներ»:

Նախագծի ճարտարապետական նախագծման ղեկավարն է Սարհատ Պետրոսյանը:

Հանգստյան տան վերականգնման նախագիծը իր հետագա փուլերով, կտևի 3-4 տարի, բայց ֆինանսավորումն արվելու է միայն 1-ին փուլի համար՝ գիտական հետազոտության և պահպանման պլանի մշակման:

 «Կախված առաջին փուլի արդյունքներից, արդեն կլինի շարունակությունը և հասկանալի կլինի, թե ինչպես պետք է զարգանա նախագծի իրագործումը»,- հավելեց Արևշատյանը:

Հարցին, թե հնարավո՞ր է առաջին փուլն ավարտվի և որևէ հետաքրքրություն չառաջանա նախագծի նկատմամբ, և այն մնա թղթի վրա, Արևշատյանը պատասխանեց. «Հետագա փուլերի հետ կապված դրանք կարող են թե «Գեթթի» հիմնադրամի շրջանակներում տեղի ունենալ, թե հիմնադրամի շրջանակներից դուրս: Այստեղ էական հանգամանքն այն է, որ շենքը արժանացել է «Գեթթի» հիմնադրամի հովանավորությանը, որովհետև Գեթթիի հովանու ներքո շատ դժվար է ընդհանրապես հայտնվել»:




 

Placeholder
Սևանի գրողների միության տունը «Գեթթիի» ուշադրության կենտրոնում է