Ապրիլյան պատերազմում վիրավորված 18 զինծառայող դեռևս գտնվում են հոսպիտալում
Առողջություն
11:37 13/08/2016
Հայաստան

Ապրիլյան պատերազմում վիրավորված 18 զինծառայող դեռևս գտնվում են հոսպիտալում

ՀՀ պաշտպանության նախարարության կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալում  ներկայումս բուժում է ստանում ապրիլյան պատերազմում վիրավորված 18 զինծառայող: Այս մասին Panorama.am-ի թղթակից հետ զրույցում ասաց  հոսպիտալի տնօրեն Արամ Ասատուրյանը:

Նրա խոսքերով՝  17  զինծառայողի վիճակը գնահատվում է բավարար, իսկ  մեկ զինծառայողի՝ Ավետիս Զարգարյանի առողջական վիճակը՝  կայուն ծանր:

Արամ Ասատուրյանը նշեց, որ մեկ շաբաթ առաջ Ավետիսի ծնոտը վիրահատել են:

«Պլաստիկ վիրահատություն է կատարվել: Ավետիսը ստորին ծնոտի բազմաբեկորային վիրավորում ուներ, ձևավորվել էր կեղծ հոդ և դա վիրահատել են: Վիճակը այժմ գնահատվում է բավարար: Վիրավորումից հետո երկու ամիս Ավետիսը բացարձակ անշարժ  է եղել, բայց այսօր արդեն ձեռքերը, ստորին վերջույթները կարողանում է շարժել»,- ասաց Արամ Ասատուրյանը:

Նա նաև նշեց, որ Ավետիսին նաև փորձել են կանգնեցնել, թեկուզ մասնագետների օգնությամբ, բայց կանգնել է, ինչը հոսպիտալի ղեկավարը հրաշք է համարում:

Նշենք, որ Ավետիսը վիրավորվել է ապրիլի 4-ին Թալիշի մարտական գործողությունների ժամանակ, գնդակը մտել է նրա ծնոտը, թիկունքով ներքև իջել և վնասել մի քանի ողը, ողնուղեղը:  Բժիշկները թեև հույս չունեին, որ Ավետիսը կապրի, բայց ամեն ինչ անում էին նրան փրկելու համար: Ավելի քան մեկ ամիս միացված էր արհեստական շնչառության ապարատին, այդ ընթացքում Ավետիսին մի քանի անգամ վիրահատել են, հեռացրել են ողնաշարի գնդակը, վերականգնել բեկորից վնասված ձեռքի ոսկորը: 

Ընդհանուր առմամբ՝   զինծառայողը 7 վիրահատության է ենթարկվել:

Placeholder
Ապրիլյան պատերազմում վիրավորված 18 զինծառայող դեռևս գտնվում են հոսպիտալում