Արցախի   խորհրդարանը միաձայն ընդունել է համաներում հայտարարելու մասին ԱԺ որոշումը
Քաղաքական
15:00 25/08/2016
ԼՂՀ

Արցախի խորհրդարանը միաձայն ընդունել է համաներում հայտարարելու մասին ԱԺ որոշումը

ԼՂՀ Ազգային ժողովն օգոստոսի 25-ին հրավիրել է արտահերթ նստաշրջան և քննարկել Արցախի Հանրապետության նախագահի առաջարկը՝ ԼՂՀ հռչակման 25–րդ տարեդարձի կապակցությամբ համաներում հայտարարելու մասին:

Իր ելույթում խորհրդարանի նախագահ Աշոտ Ղուլյանը նշել է, որ հանրապետության հիշարժան հոբելյաններին, սովորաբար, հայտարարվում է համաներում, և սույն համաներման ակտը թվով 6-րդն է և 4-ը՝ Հանրապետության հռչակման տոնի կապակցությամբ: 

ԼՂՀ ԱԺ հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ, համաներման որոշման նախագիծը պատգամավորներին է ներկայացրել ԼՂՀ նախագահի ներկայացուցիչ Արայիկ Լազարյանը: Այնուհետև հարակից զեկույցով հանդես է եկել ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հովիկ Ջիվանյանը:

Նստաշրջանին ներկա բոլոր պատգամավորները կողմ են քվեարկել (28 քվե) ԼՂՀ հռչակման 25–րդ տարեդարձի կապակցությամբ համաներում հայտարարելու մասին ԱԺ որոշմանը, որը ուժի մեջ կմտնի պաշտոնական հրապարակման պահից:

Ամփոփելով նստաշրջանը՝ խորհրդարանի ղեկավարը ներկաներին շնորհավորել է գալիք տոների կապակցությամբ:

«25-րդ տարեդարձը՝ մեր անցած ճանապարհի լավագույն ամփոփումն է: Մենք բազմաթիվ դժվարություններ ու զրկանքներ ենք կրել այս մեծ ճանապարհին և բազում զոհողությունների գնով հասել ներկայիս իրողություններին. այս ամենի գլխավոր հերոսը Արցախի քաղաքացին է»,- նշել է Աշոտ Ղուլյանը:


 

Placeholder
Արցախի խորհրդարանը միաձայն ընդունել է համաներում հայտարարելու մասին ԱԺ որոշումը