Արդարադատության նախարարն ողջունեց լրագրողների նախաձեռնությունը
Մշակույթ
16:37 27/08/2016
Հայաստան

Արդարադատության նախարարն ողջունեց լրագրողների նախաձեռնությունը

Հովհաննես Շարամբեյանի անվան  Ժողովրդական ստեղծագործության կենտրոնում  բացվեց  «Հինգշաբթի» խորագիրը կրող լրագրողների գեղանկարչական աշխատանքների բարեգործական ցուցհանդես-վաճառքը: Ցուցահանդեսին մասնակցում են 12 լրագրող հայաստանյան տարբեր լրատվամիջոցներից, ովքեր շուրջ 6 ամիս շարունակ յուրաքանչյուր հինգշաբթի հաճախել են Մուղդուսյան արվեստի կենտրոն՝ նկարչության դասերի:

«Դասընթացը հրաշալի հնարավորություն էր կոնկրետ ինձ համար իրագործելու այն, ինչ երկար ժամանակ խմորվում էր իմ մեջ: Շատ եմ սիրում խաղալ գույների հետ անվարժ վրձինով: Միշտ ուզում էի լիներ մեկը, ով իմ վրձնին ավելի համարձակ շարժվելու հնարավորություն կտար»,- ասաց լրագրող Ալիսա Գևորգյանը:

Ցուցահանդեսի բացմանը ներկա էր արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը: «Տպավորություն այնպիսին է, որ բավականին հաջող է ստացվել:  Կարծում եմ՝ կկարողանամ ընտրություն կատարել: Լավ նախաձեռնություն է,  հատկապես բարեգործական բնույթը»,- ասաց նախարարը:

Մուղդուսյան արվեստի կենտրոնի տնօրեն Մարիամ Մուղդուսյանի խոսքով, արվեստի կենտրոնը նախաձեռնելով այս դասընթացը՝ նպատակ չի ունեցել ցուցահանդես-վաճառք իրականացնել, պարզապես ցանկացել են մի քանի լավ ժամ պարգևել լրագրողներին:

«Այնուհետև լրագրողներն առաջարկել են անել բարեգործական ցուցահանդես-վաճառք»,- հավելեց նա:

Ցուցահանդես-վաճառքից գոյացած հասույթի մի մասը կփոխանցվի Մուղդուսյան արվեստի կենտրոնին, որտեղ հաճախում են նաև սոցիալապես անապահով ընտանիքների և հաշմանդամություն ունեցող երեխաներ:

Ցուցահանդեսը բաց կլինի մինչև սեպտեմբերի 3-ը:

Մանրամասները՝ տեսանյութում:

Placeholder
Արդարադատության նախարարն ողջունեց լրագրողների նախաձեռնությունը