Սարի թաղում լրագրողների մասնագիտական օրինական գործունեությանը խոչընդոտելու համար մեղադրանք է առաջադրված 6 անձանց
Իրավունք
13:03 29/08/2016
Հայաստան

Սարի թաղում լրագրողների մասնագիտական օրինական գործունեությանը խոչընդոտելու համար մեղադրանք է առաջադրված 6 անձանց

Հուլիսի 29-ի լույս 30-ի գիշերը Երևան քաղաքի Սարի թաղում տեղի ունեցած դեպքերի վերաբերյալ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի նախաքննության ընթացքում իրականացված քննչական և դատավարական գործողությունների արդյունքում երկու անձանց ևս մեղադրանքներ են առաջադրվել: 

ՀՀ հատուկ քննչական ծառայության  լրատվական ծառայության հաղորդմամբ,  քաղաքացիներ Ա. Տ.-ին և Ֆ. Ս.-ին մեղադրանքներ են առաջադրվել՝ 2016թ. հուլիսի 29-ի լույս 30-ի գիշերը Երևան քաղաքի Սարի թաղում տեղի ունեցած դեպքերի ընթացքում լրագրողների մասնագիտական օրինական գործունեությանը խոչընդոտելու համար: Վերջիններիս նկատմամբ ընտրվել է անազատության մեջ պահելու հետ չկապված խափանման միջոց:

Ավելի վաղ նրանց նկատմամբ քրեական հետապնդում էր հարուցվել:

Նույն քրեական գործի նախաքննության ընթացքում արդեն 6 անձանց տարբեր մեղադրանքներ են առաջադրվել առերևույթ հանցագործություններ կատարելու, այդ թվում՝ լրագրողների մասնագիտական օրինական գործունեությանը խոչընդոտելու համար:

Քրեական գործի նախաքննությունը շարունակվում է:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:


 

Placeholder
Սարի թաղում լրագրողների մասնագիտական օրինական գործունեությանը խոչընդոտելու համար մեղադրանք է առաջադրված 6 անձանց