Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Քառօրյա պատերազմի ժամանակ ծանր վիրավորում ստացած Ռոլանդ Սահակյանին նորից վիրահատել են
Ապրիլի 3-ին Թալիշում ծանր վիրավորում ստացած զինծառայող Ռոլանդ Սահակյանին նորից վիրահատել են՝ այս անգամ պառկելախոցը:
Ռոլանդի մայրը՝ Հռիփսիմե Սահակյանը Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց, որ վիրահատություններն այսքանով չեն սահմանափակվում, հնարավոր է Ռոլանդին ևս մեկ անգամ վիրահատեն: Այսպիսով, Երևանի կենտրոնական զինվորական հոսպիտալում գտնվելու շուրջ հինգ ամիսների ընթացքում Ռոլանդը 9 վիրահատության է ենթարկվել:
Տիկին Հռիփսիմեն նշեց, որ որդին պարբերաբար ջերմություն է ունենում, ինչը կապված է թոքերի հետ:
«Ընդհանուր առմամբ՝ որդուս առողջական վիճակը կայուն է, իհարկե դեռ չի կարողանում մեջքի վրա պառկել, նստել, ինչից Ռոլանդը շատ է նեղվում, բայց հուսով եմ, որ տղաս առողջանալու է»,- ասաց զինվորի մայրը:
Ռոլանդի հետ աշխատում են նաև մերսող մասնագետներ: Մերսումներից հետո նա ոտքերը զգում է, թեթևակի շարժում է:
«Բժիշկներն ասում են, որ պետք է սպասել, մենք էլ հույսներս Աստծո վրա դրած` սպասում ենք»,- նշեց Հռիփսիմե Սահակյանը:
Ինչ վերաբերում է Ռոլանդ Սահակյանին բուժման նպատակով արտերկիր տեղափոխելուն, զինծառայողի մայրն ասաց, որ ներկայում նման խոսակցություններ չկան:
Նշենք, որ երեք ամսվա ծառայող Ռոլանդը ապրիլյան պատերազմի ժամանակ վիրավորվել է դիրքեր բարձրանալու ճանապարհին: Այդ ժամանակ նա մեքենա վարելիս է եղել, հակառակորդի արկակոծության ժամանակ էլ շարունակել է վարել, սակայն տեսնելով, որ ռմբակոծությունը չի դադարում, նույնիսկ ընդհակառակը, ավելի է ուժեղանում, փորձել է մեքենայից դուրս գալ, սակայն այդ պահին արկի պայթունից վիրավորվել է:
Ծանր վիրավոր Ռոլանդին տեղափոխել են Ստեփանակերտ, իսկ հետո՝ Երևան: ՊՆ Կենտրոնական կլինիկական հոսպիտալում զինծառայողը ենթարկվել է ողնաշարի, թոքերի, լեղապարկի, լյարդի վիրահատության: Վիրահատություններից մեկի ժամանակ Ռոլանդի ողնաշարից բեկոր են հեռացրել:
Ռոլանդն Արմավիրի մարզից է, ծնողները գյուղատնտեսությամբ են զբաղվում, նրանց ապրուստի միակ միջոցը հողագործությունն է: Ընտանիքի ամբողջ հոգսն այսօր ընկած է զինծառայողի հոր և հորեղբոր վրա:
«Ես ամեն ինչ թողել եմ ու եկել Երևան, որ Ռոլանդիս խնամեմ: Ամուսինս, տագրս ինչքան հասցնում անում են, մեզ համար կարևորը որդուս առողջությունն է»,- մեզ հետ զրույցում ասաց տիկին Հռիփսիմեն: