ԿԳ նախարար. Տարբեր պայմաններում գտնվող դպրոցների հանդեպ չենք կարող նույն պահանջները դնել
Կրթություն, գիտություն
12:00 31/08/2016

ԿԳ նախարար. Տարբեր պայմաններում գտնվող դպրոցների հանդեպ չենք կարող նույն պահանջները դնել

Ավագ դպրոցներում առկա խնդիրների լուծումը հնարավոր չէ պատկերացնել՝ առանց դպրոցից դեպի բուհ անցման ձևաչափի: Այս մասին հայտարարել է ԿԳ նախարար Լևոն Մկրտչյանը՝ նախարարությունում ավագ դպրոցների տնօրենների հետ հանդիպման ժամանակ:

ԿԳՆ հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ, նախարարը նշել է, այսօր հանրապետությունում կան հանրակրթության երրորդ աստիճանն ապահովող մի քանի ձևեր՝ առանձնացված ավագ և միջնակարգ դպրոցներ, վարժարաններ, ՄԿՈՒ համակարգի հաստատություններ՝ քոլեջներ և ուսումնարաններ:

«Ավագ դպրոցները կայացման մի ճանապարհ ունեն՝ այս ընդհանուրի մեջ դառնալ գերազանացության կենտրոններ՝ դաշտում աշխատող մնացած հաստատությունների մեջ դառնալով առաջատար և նրանց տանելով իրենց հետևից: Ես հասկանում եմ, որ շատ դպրոցներ ունեն շենքային պայմանների չլուծված խնդիր, բայց միևնույնն է դա չի կարող հիմնավորում լինել»,- նշել է Լևոն Մկրտչյանը:

Նախարարը հավելել է, որ այս տարվանից ուսումնական պլանում արդեն կատարվել են փոփոխություններ և 12-րդ դասարանի երկրորդ կիսամյակում ուսումնական ծրագիրը բեռնաթափվել է: Նրա խոսքով՝ հետագայում կարող է 12-րդ դասարանն ամբողջությամբ բեռնաթափվել: Դրան հաջորդող հերթական քայլը լինելու է ավագ դպրոցներում կրեդիտային համակարգի ներդնումը, որն էլ հնարավորություն է տալու, հավաքած կրեդիտների հաշվին, բակալավրի կրթությունը ստանալ 3 տարվա ընթացքում:

Նախարարը նշել է, որ ավագ դպրոցներն աշխարհում ունեն մի քանի մոդել: Ամերիկյան մոդելն է, որը ներդրվել է նաև Հայաստանի ավագ դպրոցների ստեղծման հիմքում և  ենթադրում է ձևավորել անկախ մարմին: Հայաստանի պարագայում դա ԳԹԿ-ն է, որն իրականացնում է գիտելիքների ստուգում՝ կենտրոնացված քննությունների միջոցով:

«Անկախ մոդելի ընտրությունից ավագ դպրոցի դերը շատ մեծ է. ավագ դպրոցը պետք է կարողանա դառնալ նախամասնագիտական կողմնորոշման վայր: Մեզ ի սկզբանե չհաջողվեց ստեղծել ուժեղ ավագ դպրոցներ և մենք զուգահեռաբար հատկապես գյուղական վայրերում պահպանեցինք նաև միջնակարգ դպրոցները: Դա բնավ չի նշանակում, թե ավագ դպրոցում ընդգրկված երեխան պետք է ավելի լայն հնարավորություններ ունենա, քան հեռավոր գյուղում ապրող երեխան: Հանրակրթության հիմնական խնդիրը հավասար հանրամատչելիության ապահովումն է»,-ասել է Լ. Մկրտչյանը:

Նա ընդգծել է, որ տարբեր պայմաններում գտնվող դպրոցների նկատմամբ չի կարելի նույն պահանջները դնել:

«Միաժամանակ նաև պարզ է, որ տարբեր պայմաններում գտնվող դպրոցների հանդեպ մենք, իբրև պետություն և կրթության քաղաքականության հիմնական պատասխանատու, չենք կարող նույն պահանջները դնել: Չի կարող 100 աշակերտ ունեցող դպրոցը դիտարկվել 1000 աշակերտ ունեցող դպրոցի հետ՝ նույն հարթության վրա»,-նշել է նա:

Մկրտչյանի խոսքով, այսօր դպրոցների անձնագրավորման անհրաժեշտություն կա: Բոլոր դպրոցները պետք է ունենան իրենց անձնագրերը, որտեղ կամրագրվեն տվյալ դպրոցի կարիքները, խնդիրներն ու նպատակը: Անձնագրում նաև պետք է տարանջատվի ավագ դպրոցի և միջնակարգ դպրոցի գործառույթները, որպեսզի կարողանանք զարգացում ապահովել:

Նախարարն ընդգծել է,  վերոնշյալն ապագայի խնդիր է, իսկ այս ուսումնական տարվանից ավագ դպրոցներին տրված է հնարավորություն ապացուցելու կրթության մրցունակությունը:

 

Placeholder