Մեդալակիր. Պարզապես պետք է գիտակցել, որ հարկավոր է ուսում ստանալ
Կրթություն, գիտություն
19:51 31/08/2016
Հայաստան

Մեդալակիր. Պարզապես պետք է գիտակցել, որ հարկավոր է ուսում ստանալ

Մանե Առաքելյանը Գորիս քաղաքի թիվ 4 ավագն դպրոցն ավարտել է գերազանցության մեդալով:  Քննական թեժ ամառն ու դրան նախորդած անքուն գիշերները հետևում են, ինքը հիմա Հերացու անվան  բժշկական համալսարանի ուսանողուհի է: Մանեն այսօր օլիմպիադաներում հաղթած, մեդալակիր աշակերտների հետ միասին ՀՀ նախագահի նստավայրում էր, երկրի ղեկավարի կողմից պարգևատրվելը մեծ պատիվ է համարում:

Ի դեպ, Գորիսի թիվ 4 ավագ դպրոցը յոթ մեդալակիր շրջանավարտ ունի:

Նույն դպրոցի մեկ այլ մեդալակիր Հայկ Հովհաննիսյանի համար ուսումնական առաջիկա տարիները կսկվեն ու կավարտվեն Ֆրանսիական համալսարանում: Բազմաթիվ օլիմպիադաներում բարձր արդյունքներ ցուցաբերած Հայկը ֆինանսիստ-կառավարիչի մասնագիտությունն է ընտրել: Հնարավորություն դեպքում ցանկանում է արտասահմանում էլ կրթություն ստանալ, բայց մտադիր է աշխատել միայն հայրենիքում:

Գորիսի Բակունցի անվան թիվ 1 ավագ դպրոցը ոսկե մեդալով ավարտած Արփինե Յոլյանի համար մեդալն այնքան էլ կարևոր չէ:

«Պարզապես պետք է գիտակցել, որ հարկավոր է ուսում ստանալ և տեղեկացված լինել յուրաքանչյուր բնագավառում»,-կարծում է նա:

Արփինեն հիմա  Հայաստանի ճարտարապետության և շինարարության ազգային համալսարանի ճարտարապետության ֆակուլտետի առաջին կուրսի ուսանողուհի է: Հաճախ են իրեն ասել, թե տղամարդու մասնագիտություն է ընտրել, բայց  նա  գործի մեջ նա կին ու տղամարդ չի առանձնացնում: 

«Կարևորն այն է, թե ինչ նպատակներ ունես եւ ինչպես ես աշխատում»,-ասում է նա:

Ուսումն առնելուց հետո մտադիր է  նոր ու նմանը չունեցող մի շենք նախագծել:

«Կենգուրու» մրցույթում Վայոց Ձորի մարզում լավագույն արդյունքը ցուցաբերած 4-րդ դասարանի աշակերտ Արման Նազարյանն Արենի գյուղից է: Նա վաղը հարազատ  դպրոցում  ընկերներին պատմելու է, որ Երևան էր գնացել՝ երկրի ղեկավարի հետ հանդիպման: Ընկերներին խորհուրդ է տալու՝ անպայամնա լավ սովորել:

 

Placeholder