«Ամեն տարի այս օրերին սկսում եմ նյարդայնանալ». երբ գալիս է սեպտեմբերը
Կրթություն, գիտություն
09:09 31/08/2016
Հայաստան

«Ամեն տարի այս օրերին սկսում եմ նյարդայնանալ». երբ գալիս է սեպտեմբերը

Նոր ուսումնական տարին շատ շուտով կմեկնարկի, իսկ դրան պատշաճ նախապատրաստվելու համար տոնավաճառները, խանութներն ու գրախանութներն ընտրության լայն տեսականի են առաջարկում դպրոցական երեխա ունեցող ծնողներին: Թե որքա՞ն արժե գալիք սեպտմբերի 1-ը ծնողների համար, Panorama.am-ը փորձեց ճշտել հենց իրենցից:

Հարցման համաձայն՝ նոր ուսումնական տարվան պատրաստվելը շարքային հայ ընտանիքից պահանջում է միջինը 50-60 հազար դրամ:

Մեզ հետ զրույցում ծնողներից Ալլան ասաց, որ իր  երկու աղջիկների սեպտեմբերի 1-ին պատրաստելու համար արդեն հասցրել է ծախսել մոտ 120 հազար դրամ. «Արդեն մի քիչ փորձառու եմ: Աղջիկներիցս մեկը 2-րդ դասարան է հաճախելու, մյուսը` 5-րդ: Դպրոցում համազգեստ են հագնում, յուրաքանչյուրի համար վճարել եմ 8 հազար դրամ: Առանձնակի ճոխություններ թույլ չեմ տվել, սակայն, երբ նայում եմ գնածս ապրանքների գներին՝ կլորիկ գումարի առաջ եմ կանգնում: Տարեցատարի, իհարկե, ավելանում է նաև պահանջվող գրենական պիտույքների քանակը: Դեռ մեծ աղջկաս գրքերի գումարն էլ պիտի վճարեմ: Գիտեմ, որ ծախսերս այսքանով չեն սպառվում, տարին նոր է սկսվում»:

Լոռու մարզի Ագարակ գյուղի բնակչուհի Արփինեն էլ, ով առաջին անգամ է դստերը դպրոց ուղարկելու, պատմեց, որ հասցրել է գնել առաջին անհրաժեշտ պարագաները. «Ուզում եմ, որ երեխաս բարձր տրամադրությամբ սկսի իր առաջին քայլերը դպրոցում: Հագուստի ու գրենական պիտույքների վրա արդեն ծախսել եմ 47 հազար դրամ, բացի պայուսակից, որը նվեր է ստացել տատիկից»:

Գրենական պիտույքների խանութներից մեկում գնումներ կատարող Մարինեն էլ նշեց. «Անկեղծ ասած՝ ամեն տարի այս օրերին սկսում եմ նյարդայնանալ: Գնում-գնում ես, բայց ինչ-որ բան էլի պակասում է: Որդիներս 6-րդ և 4-րդ դասարան են, մեկի համար լուսանցքով տետր են ուզում, մեկի համար առանց լուսանք, արդեն խճճվել եմ: Տղաներիս կոշիկ, վերնաշապիկ, տաբատ  ու սպորտային համազգեստ եմ գնել: Տոնավաճառից եմ գնում, համեմատաբար էժան է ստացվում: Այս տարի միայն պայուսակներ չեմ գնել, նախորդ տարվանը կօգտագործեն: Հասցրել եմ ծախսել համարյա 100 հազար դրամ, բայց դեռ կիսատ-պռատ բաներ կան»:

Գրենական պիտույքների խանութներից մեկի աշխատակիցը մեզ հետ զրույցում ասաց, որ նախորդ տարվա իրարանցումը չկա իրենց մոտ. «Անցած տարի այս սեզոնին ավելի շատ էին գալիս գնումների, հիմա պասիվություն կա, տեսնենք՝ սեպտեմբերի մեկից հետո ինչպես կլինի»:

Իսկ թե ինչո՞վ կարող է պայմանավորված լինել պասիվությունը՝ նա դժվարացավ պատասխանել. «Չեմ կարող ասել, մեզ մոտ գները նույնն են մնացել»:

Գրենական պարագաների խանութներից մեկում էլ ասացին, որ իրենց մոտ աշխուժություն կա, ինչը նախորդ տարվա համեմատ՝ իրենց տեսականու ավելացման արդյունք է:

Հիշեցնենք, որ օրեր առաջ հրավիրած մամուլի ասուլիսի ժամանակ «Սպառողների խորհրդատվության կենտրոն» ՀԿ նախագահ Կարեն Չիլինգարյանը հայտարարել էր, որ Դպրոցական հագուստի, գրենական պիտույքների գների էական բարձրացում չկա:

Ստորև ներկայացնում ենք աշակերտներին անհրաժեշտ հագուստի և գրենական պարագաների միջին գները:


Վերնաշապիկ՝ 4000-13000 դրամ
Տաբատ, կիսաշրջազգեստ 5000-18000 դրամ
Կոշիկ՝ 5000-15000 դրամ
Սպորտային համազգեստ՝ 10000-20000 դրամ
Սպորտային կոշիկ՝ 4000-15000 դրամ

12 թերթանոց տետր՝ 50 դրամ
48 թերթանոց մեկ տետր՝ 220-400 դրամ
Դպրոցական պայուսակ՝ 5000-20000 դրամ
Ռետին՝ 30-600 դրամ
Քանոն՝ 70-700 դրամ
Օրագիր՝ 400-1000 դրամ
Գրիչ՝ 30-300 դրամ
Մատիտ՝ 100 դրամ
Գունավոր մատիտներ՝ 450-2000 դրամ

Placeholder