Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
ԿԳ նախարար. Տարբեր պայմաններում գտնվող դպրոցների հանդեպ չենք կարող նույն պահանջները դնել
Ավագ դպրոցներում առկա խնդիրների լուծումը հնարավոր չէ պատկերացնել՝ առանց դպրոցից դեպի բուհ անցման ձևաչափի: Այս մասին հայտարարել է ԿԳ նախարար Լևոն Մկրտչյանը՝ նախարարությունում ավագ դպրոցների տնօրենների հետ հանդիպման ժամանակ:
ԿԳՆ հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ, նախարարը նշել է, այսօր հանրապետությունում կան հանրակրթության երրորդ աստիճանն ապահովող մի քանի ձևեր՝ առանձնացված ավագ և միջնակարգ դպրոցներ, վարժարաններ, ՄԿՈՒ համակարգի հաստատություններ՝ քոլեջներ և ուսումնարաններ:
«Ավագ դպրոցները կայացման մի ճանապարհ ունեն՝ այս ընդհանուրի մեջ դառնալ գերազանացության կենտրոններ՝ դաշտում աշխատող մնացած հաստատությունների մեջ դառնալով առաջատար և նրանց տանելով իրենց հետևից: Ես հասկանում եմ, որ շատ դպրոցներ ունեն շենքային պայմանների չլուծված խնդիր, բայց միևնույնն է դա չի կարող հիմնավորում լինել»,- նշել է Լևոն Մկրտչյանը:
Նախարարը հավելել է, որ այս տարվանից ուսումնական պլանում արդեն կատարվել են փոփոխություններ և 12-րդ դասարանի երկրորդ կիսամյակում ուսումնական ծրագիրը բեռնաթափվել է: Նրա խոսքով՝ հետագայում կարող է 12-րդ դասարանն ամբողջությամբ բեռնաթափվել: Դրան հաջորդող հերթական քայլը լինելու է ավագ դպրոցներում կրեդիտային համակարգի ներդնումը, որն էլ հնարավորություն է տալու, հավաքած կրեդիտների հաշվին, բակալավրի կրթությունը ստանալ 3 տարվա ընթացքում:
Նախարարը նշել է, որ ավագ դպրոցներն աշխարհում ունեն մի քանի մոդել: Ամերիկյան մոդելն է, որը ներդրվել է նաև Հայաստանի ավագ դպրոցների ստեղծման հիմքում և ենթադրում է ձևավորել անկախ մարմին: Հայաստանի պարագայում դա ԳԹԿ-ն է, որն իրականացնում է գիտելիքների ստուգում՝ կենտրոնացված քննությունների միջոցով:
«Անկախ մոդելի ընտրությունից ավագ դպրոցի դերը շատ մեծ է. ավագ դպրոցը պետք է կարողանա դառնալ նախամասնագիտական կողմնորոշման վայր: Մեզ ի սկզբանե չհաջողվեց ստեղծել ուժեղ ավագ դպրոցներ և մենք զուգահեռաբար հատկապես գյուղական վայրերում պահպանեցինք նաև միջնակարգ դպրոցները: Դա բնավ չի նշանակում, թե ավագ դպրոցում ընդգրկված երեխան պետք է ավելի լայն հնարավորություններ ունենա, քան հեռավոր գյուղում ապրող երեխան: Հանրակրթության հիմնական խնդիրը հավասար հանրամատչելիության ապահովումն է»,-ասել է Լ. Մկրտչյանը:
Նա ընդգծել է, որ տարբեր պայմաններում գտնվող դպրոցների նկատմամբ չի կարելի նույն պահանջները դնել:
«Միաժամանակ նաև պարզ է, որ տարբեր պայմաններում գտնվող դպրոցների հանդեպ մենք, իբրև պետություն և կրթության քաղաքականության հիմնական պատասխանատու, չենք կարող նույն պահանջները դնել: Չի կարող 100 աշակերտ ունեցող դպրոցը դիտարկվել 1000 աշակերտ ունեցող դպրոցի հետ՝ նույն հարթության վրա»,-նշել է նա:
Մկրտչյանի խոսքով, այսօր դպրոցների անձնագրավորման անհրաժեշտություն կա: Բոլոր դպրոցները պետք է ունենան իրենց անձնագրերը, որտեղ կամրագրվեն տվյալ դպրոցի կարիքները, խնդիրներն ու նպատակը: Անձնագրում նաև պետք է տարանջատվի ավագ դպրոցի և միջնակարգ դպրոցի գործառույթները, որպեսզի կարողանանք զարգացում ապահովել:
Նախարարն ընդգծել է, վերոնշյալն ապագայի խնդիր է, իսկ այս ուսումնական տարվանից ավագ դպրոցներին տրված է հնարավորություն ապացուցելու կրթության մրցունակությունը: