Մարտիրոս Սարյանի տուն-թանգարանը վերաբացումից հետո ավելի հարուստ ցուցադրությամբ կներկայանա
Մշակույթ
09:09 03/09/2016
Հայաստան

Մարտիրոս Սարյանի տուն-թանգարանը վերաբացումից հետո ավելի հարուստ ցուցադրությամբ կներկայանա

Այս ամսվա վերջին հիմնանորոգումից հետո վերաբացվելու է Մարտիրոս Սարյանի տուն-թանգարանը, բայց ստույգ օր դեռևս նշանակված չէ: Panorama.am-ին տեղեկացրեց տուն-թանգարանի տնօրեն Ռուզան Սարյանը:

Նա նշեց, որ այս պահին մնացել է միայն վերջին ցուցասրահի կահավորումն ու ցուցադրության կազմակերպումը:

«Մնացած ամեն ինչ արդեն արված է»,- հավելեց տնօրենը:

Ռուզան Սարյանի խոսքով, վերաբացվելուց հետո տուն-թանգարանում  կլինեն նաև նոր ցուցանմուշներ, որոնք նախկինում պահոցներում էին գտնվում: 

«Գեղանկարչական գործերը գրեթե բոլորը ցուցադրվում են, միայն  գրաֆիկան է, որ բավական շատ է, չենք կարող ամեն ինչ ցուցադրել: Կցուցադրվեն մաս-մաս»,- ասաց թանգրանի տնօրենը: 

Հիշեցնենք՝ 2013 թ. մայիսի 1-ից Մարտիրոս Սարյանի տուն-թանգարանը չի գործում. մշակութային օջախը հիմնանորոգվում է:

Մարտիրոս Սարյանի տուն-թանգարանը ստեղծվել է Երևանում Հայաստանի կառավարության հատուկ որոշմամբ, բացվել է 1967թ. նոյեմբերի 26-ին՝ նկարչի կենդանության օրոք: Թանգարանի շենքը բաղկացած է երկհարկանի առանձնատնից, ուր նկարիչն ապրել և ստեղծագործել է 1932-1972թթ., և եռահարկ պատկերասրահից, որը կառուցվել է այդ տանը կից 1967 թվականին: Մ. Սարյանի տան հատակագծի հեղինակն է Երևան քաղաքի մեծանուն ճարտարապետ Ալեքսանդր Թամանյանը: Թանգարանային հատվածը կառուցվել է Մարկ Գրիգորյանի նախագծով: 

Հիմնանորոգումից հետո թանգարանը չորս հարկ է ՝ նախկին երեք հարկի փոխարեն: Չորրորդ հարկի դահլիճն օգտագործվելու է և միջոցառումների, և ժամանակավոր ցուցադրությունների, և համերգների կազմակերպման համար:

Լուսանկարները՝ Մարտիրոս Սարյանի տուն-թանգարանի ֆեյսբուքյան էջից

Placeholder
Մարտիրոս Սարյանի տուն-թանգարանը վերաբացումից հետո ավելի հարուստ ցուցադրությամբ կներկայանա