«Օսկար»-ի է ներկայացվելու «Երկրաշարժ» ֆիլմը
Մշակույթ
17:08 03/09/2016

«Օսկար»-ի է ներկայացվելու «Երկրաշարժ» ֆիլմը

Հայկական ազգային կինոակադեմիայի նիստում կինոակադեմիայի անդամների փակ քվեարկության արդյունքում որոշվեց, որ «Օսկար» մրցանակաբաշխության «Լավագույն օտարալեզու ֆիլմ» անվանկարգում ներկայացվելու է Սարիկ Անդրեասյանի «Երկրաշարժ»   ֆիլմը:

Ակադեմիայի՝ քվեարկելու իրավունք ունեցող 26 անդամից ներկա էին 24-ը:

Հիշեցնենք, որ Հայկական ազգային կինոակադեմիան ստացել  է երեք ֆիլմի հայտ՝ Դավիթ Սաֆարյանի «Տաք երկիր, ցուրտ ձմեռ», Սարիկ Անդրեասյանի «Երկրաշարժ» և Ջիվան Ավետիսյանի «Վերջին բնակիչը»: Բոլոր երեք ֆիլմն էլ ունեն հավաստագիր, որ հայկական արտադրանք են:

Ընտրությունը կատարվեց երկու փուլով:  Առաջին փուլում «Վերջին բնակիչը» ֆիլմը ստացավ 7 ձայն, «Երկրաշարժ»-ը՝ 5, «Տաք երկիր, ցուրտ ձմեռ»՝ 3 ձայն: Բոլոր ֆիլմերին դեմ էր քվեարկել 8 հոգի: Մեկ քվեաթերթիկ անվավեր էր:

Քվեարկությանը մասնակցած անդամները նախապես որոշել էին, որ կընտրվի այն ֆիլմը, որը հավաքի 30 տոկոս:  Առաջին փուլի արդյունքում այդ 30 տոկոսն չապահովվեց, այդ իսկ պատճառով անցկացվեց երկրորդ փուլ:  Երկրորդ փուլի համար ընտրվեց պարզ մեծամանություն սկզբունքը:

«Վերջին բնակիչը» ստացավ  6 ձայն, «Երկրաշարժ»-ը ՝ 9 ձայն, 9 հոգի քվեարկել էր՝ ոչ ոքի:

«Պետք է գոնե մեկ ֆիլմ ընտրենք, որ գոնե մասնակից դառնանք ինչ-որ պրոցեսների»,- ասաց կինոակադեմիայի նախագահ Հարություն Խաչատրյանը: 

Սպիտակի երկրաշարժի մասին պատմող ‪ Սարիկ Անդրեասյանի «‎Երկրաշարժ» ֆիլմի  պրեդյուսերն է «Մարս մեդիա» կինոընկերության նախագահ Ռուբեն Դիշդիշյանը: Ֆիլմի սցենարի հեղինակներն են Սերգեյ Յուդակովը, Ալեքսեյ Գրավիցկին, Արսեն Դանիելյանը: Ֆիլմը պատմում է 1988 թ. դեկտեմբերի 7-ին  Հայաստանում տեղի ունեցած երկրաշարժի մասի: Կինոնկարի գործողությունները ծավալվում են Լենինականում: Գլխավոր հերոսները` 28-ամյա հայ Ռոբերտ Մելքոնյանն ու  50-ամյա ռուս Անդրեյ Բերեժնոյն են:

Placeholder
«Օսկար»-ի է ներկայացվելու «Երկրաշարժ» ֆիլմը