Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Լևոն Ջուլֆալակյան. «Կան ծախված մարդիկ, ովքեր ուզում են արջի ծառայություն մատուցել»
Հեռավոր 1996 թվին Ատլանտայի Օլիմպիական խաղերում Հայաստանի հունահռոմեական ոճի հավաքականի անդամ Արմեն Նազարյանը դարձավ Օլիմպիական չեմպիոն: 20 տարի անց նույն մարզաձևի ներկայացուցիչ Արթուր Ալեքսանյանը կրկին կանգնեց պատվո հարթակի առաջին աստիճանին՝ դառնալով Ռիոյում ավարտված ամառային 31-րդ Օլիմպիական խաղերի չեմպիոն:
Հայաստանի հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականի գլխավոր մարզիչ Լևոն Ջուլֆալակյանն այս հաջողությունը պատահական չի համարում և, լրագրողների հետ այսօր կայացած զրույցի ժամանակ խոսել է այն ճանապարհի մասին, որը տարավ դեպի Ռիո և մեդալներ:
«Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականը 2012 թ.-ից առ այսօր պատրաստվել էր Ռիոյի Օլիմպիական խաղերին պատշած ձևով ներկայանալու համար: Այս ընտրանին բոլոր տարիներին, բոլոր մրցաշարերից վերադարձել է տարբեր մեդալներով, տարբեր գույնի ու քանակի: Օլիմպիական խաղերին մասնակցում էինք արդեն պարտավորված, քանի որ անհրաժեշտ էր լավ հանդես գալ, լավ տեղեր գրավել ու անպայման՝ մեդալներ նվաճել:
Ինչ խոսք, բոլորը սպասում էին մեդալների, և այն նվաճել մեր հավաքականն ունակ էր ու լիարժեք պատրաստ: Կարողացանք արժանանալ մեկ ոսկե և մեկ արծաթե մեդալի, բայց բոլորս լավ գիտակցում ենք և հասկանում, որ 75 կգ քաշային կարգում Արսեն Ջուլֆալակյանը ևս կարող էր մեդալակիր դառնալ, բայց սայթաքեց: Արսենի սպորտային երազանքն էր մասնակցել Օլիմպիական խաղերին և, երևի թե իրեն խանգարեց մեծ ցանկությունը: Սխալը նաև կայացավ նրանում, որ առաջին գոտեմարտի ժամանակ նա մտածում էր ոչ թե մրցակցի, այլ հաջորդ գոտեմարտի մասին, որն իր մշտական հակառակորդ հունգարացի ըմբիշի հետ պետք է լիներ: Սա խանգարեց կենտրոնանալ ու հաղթել: Ամեն դեպքում, Արսենն այն մարզիկը չէ, որ պարտված հեռանա: Նա չի պատրաստվում զենքերը վայր դնել և, եթե այս քառամյա ցիկլը կարողանա հաղթահարել, ապա դեռ հնարավորություն կունենա իր երազանքը կյանքի կոչելու:
84 կգ քաշային կարգում ևս մեդալ նվաճել չհաջողվեց: Մաքսիմ Մանուկյանը, ով թեթև վնասվածք ուներ, վստահեցրեց, որ վնասվածքը չի խանգարի: Եթե նա որոշեր, որ չի կարող լավ մասնակցել, կփոխարինեինք: Ցավոք, հենց առաջին գոտեմարտի ժամանակ զգացվեց, որ լիարժեք չի կարողանում բացահայտել իր հնարավորությունները:
Ինչևէ, Արթուր Ալեքսանյանը դարձավ չեմպիոն, Միհրան Հարությունյանը՝ փոխչեմպիոն: Ռիոյից վերադարձել ենք հպարտ ու պարզ ճակատով: Արթուր Ալեքսանյանը հասավ ամենամեծ բարձունքին: Նույնը կարող եմ ասել Միհրանի համար: Իրականությունն այն է, որ նա այսօր արծաթե մեդալակիր է, բայց մենք ծանոթ ենք գոտեմարտին և ոչ միայն մասնագետների կարծիքով, այլև ոչ մասնագիտական աչքերով էլ պարզ է, որ գոտեմարտի ժամանակ անարդարություն է տեղի ունեցել: Այսօր կարող էինք ունենալ 2 ոսկե մեդալ: Ես, որպես հավաքականի գլխավոր մարզիչ, տղաների ելույթներից գոհ եմ: Ամեն ինչ շատ լավ էր, գերազանց: Սպասելիքները մեծ էին, արդյունքը՝ գոհացնող: Մեր ըմբշամարտի հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրեց 3-րդ տեղը: Հզոր գերտերությունների մեջ կարողացանք նման արդյունք գրանցել: Հուսանք, որ այս հաջողությունները շարունակական կլինեն»,- ասաց Ջուլֆալակյանը:
Ասուլիսի ընթացքում հայտնի դարձավ, որ Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիան մտադիր է բողոքարկել Միհրան Հարությունյանի եզրափակիչ գոտեմարտը՝ դիմելով Լոզանի միջազգային մարզական դատարան: Լևոն Ջուլֆալակյանը չի կարող ասել, թե ինչպիսի որոշում կկայացվի, սակայն հուսով է, որ այն արդարացի կլինի:
«Ինչպես գիտեք, ՀԱՕԿ-ը լուրջ հետևողական քայլեր է կատարում, որպեսզի այս հարցն արդարացի լուծում ստանա: Ոչ մեկս չի կարող ասել, թե ինչ կլինի: Դա կորոշի Լոզանի միջազգային մարզական դատարանը՝ անցնելով բոլոր փորձաքննությունները՝ կապված գոտեմարտի հետ, զննելով բոլոր մանրամասնությունները: Հուսանք, որ այս հարցին արդարացի լուծում կտրվի:
Իմ հնարավորությունների սահմանում չէ ասել, թե ինչ կլինի: Դժվար է նաև ասել, թե ով է նման անարդար մրցավարության մեղավորը: Փաստը մնում է փաստ, որ միջազգային ըմբշամարտի ֆեդերացիան գլխավորում է Լալովիչը, ով ազգությամբ սերբ է: Համոզված եմ, որ նա անձամբ խառնված չէ նման հարցերում, բայց միշտ կան ծախված մարդիկ, ովքեր ուզում են արջի ծառայություն մատուցել: Բնականաբար, ցանկացած մրցավար այդ պահին կցանկանար հաճոյանալ ֆեդերացիայի նախագահի աչքերում»,- ասաց Ջուլֆալակյանը:
Վերջում գլխավոր մարզիչը շնորհակալություն հայտնեց Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիային, որը, ի տարբերություն մյուս ֆեդերացիաների, ամեն ինչ անում է մարզիկների պահանջները բավարարելու համար: Ջուլֆալակյանը նշեց, որ այս կյանքում պատահական ոչինչ չի լինում և որ ֆեդերացիայի կատարած աշխատանքի պտուղները հենց այս մեդալներն են: