Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Օլիմպիական խաղերի փոխչեմպիոն Միհրան Հարությունյանն այսօր լրագրողների հետ կայացած հանդիպումն սկսեց շնորհակալություններով՝ երախտագիտության խոսքեր ասելով իր մարզիչներին, ղեկավարությանն ու ազգին՝ նման աջակցության համար:
«Եվս մեկ անգամ ուզում եմ շնորհավորել իմ թիմակից Արթուր Ալեքսանյանին՝ այս հաջողության համար: Մենք իսկապես բարդ ճանապարհ անցանք: Մեզանից ոչ մեկին հաղթանակները հեշտ չէին տրվում, ինչպես կարող էր թվալ առաջին հայացքից»,- ասաց Միհրանը:
Անդրադառնալով իր եզրափակիչ գոտեմարտի արդյունքի բողոքարկմանը՝ Օլիմպիական փոխչեմպիոնը նշեց, որ առանձնապես չի հավատում դրական ելքին, սակայն պահանջների մասին բարձրաձայնելը կարող է դրական ազդել հայ մարզիկների հետագա մրցելույթների վրա:
«Այն ամենը, ինչ հիմա կարվի, բոլորովին այլ նպատակ է հետապնդում: Իհարկե, հուսով եմ, որ արդար որոշում կկայացվի, սակայն չեմ հավատում, որ ոսկե մեդալը կվերադարձնեն ինձ: Պարզապես այս քայլը կազդի մեր հետագա մրցելույթների վրա: Հիմա կարևոր չէ այդ ոսկե մեդալը, կարևորն այն է, որ հաջորդիվ նախատեսված ստուգատեսերում մեզ չխանգարեն: Մեզ որևէ մեկի օգնությունը հարկավոր չէ, բայց եթե մենք արդարացիորեն հաղթում ենք, գոնե թող չխանգարեն մեզ»,- ասաց Հարությունյանը:
Հուսանք, որ Լոզանի մարզական վճռաբեկ դատարանի որոշումն արդարացի կլինի, քանի որ առաջին անգամ չէ, որ հայ մարզիկներից պարզապես գողանում են արժանիորեն վաստակած մեդալները: