Ռուսաստանից իմ արտաքսումը մեսիջ էր՝ ուղղված մեր հասարակությանը. Ստեփան Գրիգորյան
Քաղաքական
09:39 06/09/2016
Հայաստան

Ռուսաստանից իմ արտաքսումը մեսիջ էր՝ ուղղված մեր հասարակությանը. Ստեփան Գրիգորյան

Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի ղեկավար Ստեփան Գրիգորյանը «Կենտրոն» հեռուստաընկերության «Ուրվագիծ» հաղորդման տաղավարում վստահեցրել է, որ Ռուսաստանից իր արտաքսումը քաղաքական քայլ էր և ուղղված էր ոչ միայն իր, այլև մեր հասարակության դեմ:

Ռուսաստանից իր արտաքսումը Ստեփան Գրիգորյանը հետևյալ կերպ է մեկնաբանել. «Պահը պատահական չի ընտրված: Վերջին ժամանակներս բավականին լարված պրոցեսներ են գնում և՛ Հայաստանի շուրջ, և՛ Հայաստանի ներսում, և՛ Ղարաբաղի հետ կապված, և՛ մեր միջազգային համագործակցության հետ կապված, և, միգուցե, Ռուսաստանը տեսավ, որ մեր կազմակերպությունը տարածում է այլընտրանքային մոտեցում:  Ռուսաստանն, իմ կարծիքով, չի ուզում, որ այդ այլընտրանքները Հայաստանում ուժեղանան և զարգանան»:

Քաղաքագետը հայտնել է, որ իր հետ տեղի ունեցած դեպքին Հայաստանը պաշտոնական բարձր մակարդակով արձագանքել է, հայտարարություններ է արել փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը, ՌԴ-ում ՀՀ դեսպանությունը, սակայն Ռուսաստանից որևէ պաշտոնական պատասխան դեռևս չի ստացվել:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 1-ին Ստեփան Գրիգորյանը հայտարարություն էր տարածել այն մասին, որ արգելվել է իր մուտքը Ռուսաստանի Դաշնություն: Հայտարարությունում նշված էր, որ Գրիգորյանն օգոստոսի 30-ին առավոտյան ժամանել է Մոսկվա՝  հոր շիրիմին այցելելու նպատակով, սակայն «Շերեմետևո» օդանավակայանում  ռուս սահմանապահների կողմից  ձերբակալվել է: Նրան տրվել է ծանուցում, որից տեղեկացել է, որ իր մուտքը Ռուսաստան արգելված է մինչև 2030 թվականը:

Placeholder
Ռուսաստանից իմ արտաքսումը մեսիջ էր՝ ուղղված մեր հասարակությանը. Ստեփան Գրիգորյան