Գինեգործների միության նախագահ. Ծայրահեղ վատ վիճակ է
Տնտեսություն
14:46 09/09/2016
Հայաստան

Գինեգործների միության նախագահ. Ծայրահեղ վատ վիճակ է

«Խաղող վերամշակողները շատ ծանր վիճակում են հայտնվել, չի իրացվել անցած տարվա բերքի 10 տոկոսը և չի իրացվել նախանցած տարվա բերքի 30 տոկոսը: Արդեն վարկ վերցնելու ռեսուրսներ չկան, գրավներ էլ չկան: Մի խոսքով՝ ծայրահեղ վատ վիճակ է: Այս տարի ավելի վատ կլինի, քան անցած տարի»,- «Մթերված խաղողի գումարները արդեն 1 տարի է, չեն վճարել խաղողագործներին. ոլորտում առկա խնդիրները» թեմայով քննարկմանն ասաց Հայաստանի գինեգործների միության նախագահ Ավագ Հարությունյանը:

Նա նշեց, որ այսօր գյուղացիները խաղողի մթերումը վեր են ածում շոու-պոպուլիստական ներկայացման:

«25 տարի առաջ գյուղացիները 30 հազար հեկտար նվեր ստացան: 25 տարվա ընթացքում գյուղացին մեկ անգամ չմտածեց դիվերսիֆիկացնի իր շուկան: Մենք այսօր կոնյակ ենք վաճառում ինքնարժեքից 2 անգամ ցածր, կռիվ ենք տալիս յուրաքանչյուր ցենտի համար: Այսօր կառավարությունը մեզ պարտադրում է, որ գյուղացիներից որոշակի գնով խաղող վերցնենք: Աբսուրդ վիճակ է: Գյուղացին 25 տարի մտածելու ժամանակ է ունեցել: Չմտածեց, այլ՝ էէէէ, կգնամ, ճանապարհը կփակեմ, խաղողը կվերցնեն: Չի լինի այդպես»,- ասաց Ա. Հարությունյանը:

Շարունակելով  խոսքը նշեց, որ մեկ շիշ գինին վաճառում են 1,5 դոլար 2,5-3 դոլար ինքնարժեքի պարագայում, որպեսզի շուկայից դուրս չմղվեն, չկորցնեն տարիների ընթացքում քրտինքով ձեռք բերած ռուսական շուկայի դարակները:

«Վերջին երեք տարում գինեգործարանները 300 միլիոն դոլար  չեն ստացել շուկայից: Պատկերացնում եք: Ընդամենը պարտք են մնացել 800 միլիոն դրամ»,- նշեց Ա.Հարությունյանը:

Քննարկմանը ներկա Արմավիրի մարզի Նոր Ամասիա համայնքի խաղողագործ Սոխակ Հովհաննիսյանը հարց ուղղեց, թե ի՞նչ պետք է մտածեր գյուղացին:

«Ինչո՞ւ եք 5 հեկտար այգի տնկել»,- հարցին հարցով պատասխանեց Ա. Հարությունյանը:

Ս. Հովհաննիսյանն ասաց, որ կառավարությունը, գինեգործները խոստում էին տվել, որ կվերցնեն: 

«Այդպիսի բան չի եղել»,- հակադարձեց Գինեգործների միության նախագահը:

«Մենք ունեցել ենք 40 հազար գյուղացիական տնտեսություն, միջին հաշվով յուրաքանչյուրը 3000 քմ այգի է սեփականաշնորհել: 3000 քառակուսի մետրի ճակատագիրն այդքան դժվար էր որոշել 25 տարվա ընթացքում:

Այսօր մենք ման ենք գալիս «Մուսկատ» տեսակի խաղող, պատրաստ ենք  1 կիլոգրամը գնել 400-500 դրամով,  չկա»,- ասաց Ա.Հարությունյանը:

Նա առաջարկեց գյուղացիներին միավորվել, ստեղծել արհիմիություններ. «Ինչո՞ւ պետք է 40 հազար  գյուղացիական տնտեսություն առանձին պայքարեն, եթե կարող է արհմիություն լինել, 25-30 գյուղացու շահը մի իրավաբան ներկայացնի, գնա դատարան ու փողերը ստանա գործարար աշխարհի նորմերով»:

Placeholder
Գինեգործների միության նախագահ. Ծայրահեղ վատ վիճակ է