Գեղանկարիչ Նիկոլ Աղաբաբյան. Աշխարհի ցանկացած երկրում յուրաքանչյուր հայ արժանապատիվ է ապրում, բացի իր երկրից
Մշակույթ
15:23 10/09/2016
Հայաստան

Գեղանկարիչ Նիկոլ Աղաբաբյան. Աշխարհի ցանկացած երկրում յուրաքանչյուր հայ արժանապատիվ է ապրում, բացի իր երկրից

Գեղանկարիչ Նիկոլ Աղաբաբյանի մոտ ստեղծագործական առումով դժվար շրջան է: Իհարկե, շարունակում է ստեղծագործել, բայց, ինչպես արվեստագետն է ասում՝ «ինքն իրեն ստիպելով»:

«Աշխատում եմ, չեմ կարող չաշխատել, բայց, դժբախտաբար, ինձ ստիպելով եմ աշխատում: Ինձ ստիպում եմ, որ պետք է նկարես, քանի որ այս ամեն ինչի հակադրումը՝ ստեղծագործելն է»,- Panorama.am-ի հետ զրույցում ասաց Ն. Աղաբաբյանը:

Նա նշեց, որ երբևէ այսպիսի շրջան իր մոտ չի եղել, նույնիսկ պատերազմի ժամանակ, երբ զինադադարի պահ է եղել, նկարել է:

«Հիմա չեմ հասկանում՝ ինչ է կատարվում, խորը հիասթափությունների ալիք է իմ մեջ: Ավելին էի սպասում մեր ազգից: Ուզում եմ հավատալ ժողովրդի արածին, երևի թե իրավունք էլ չունեմ՝ չհավատալու»,- ասաց արվեստագետը:

Նկարիչը հույս ունի, որ  շուտով ինքը, նաև բոլորը՝ «ֆոկուսի» կգան:

Հիշեցնենք, որ Երևանում ՊՊԾ գնդի գրավման օրերին ոստիկանությունը պարբերաբար գնդի հարևանությամբ հավաքված մարդկանց տանում էր ոստիկանական տարբեր բաժանմունքներ: Նիկոլ Աղաբաբյանը հուլիսի 17-ին Երևանի Խորենացի-Քրիստափոր փողոցների խաչմերուկից նույնպես տարվել էր ոստիկանություն:  Գեղանկարիչը փորձել է բացատրել, որ ինքը նոր է եկել Երևան և տեղեկանալով, թե ինչ է կատարվում, եկել է այդտեղ։ Ոստիկանները բռնի կերպով նրան նստեցրել էին ոստիկանական մեքենա ու տարել:  Որոշ ժամանակ անց նրան ազատ էին արձակել:

«Մեր երկրում այնպիսի բաներ են տեղի ունեցել և ունենում: Ես չեմ տեսնում  մտավորականության այն ակտիվությունը, որի անհրաժեշտությունը կա, որի կարիքն ունի ազգը, իշխանությունը:  Ձեռքը բռնողն այսօր պետք է մտավորականը լինի, բայց ձեռք բռնողին չեմ տեսնում: Մի քանիսն են, դրանց ձեռքերն էլ ոլորտում տանում են տարբեր տեղեր լցնում»,- ասաց Ն. Աղաբաբյանը:

Նրա խոսքով, հայ ժողովուրդն արժանի է կարգին երկիր ունենալուն:

«Արդյո՞ք իրավունք չունենք մեր սեփական երկիրն ունենալու և մեր երկրում արժանապատիվ ապրելու: Աշխարհի ցանկացած երկրում յուրաքանյուր հայ արժանապատիվ է ապրում, բացի իր երկրից: Սա աբսուրդ է: Պետք է կարողանանք դրսի, ներսի ուժերին դիմակայել և ստեղծել կարգին, հային վայել հայրենիք և Հայաստան»,- նշեց գեղանկարիչ Նիկոլ Աղաբաբյանը:

Placeholder