Վերվորտ. «Կյանքին հրաժեշտ տալու ժամանակը չի եկել»
Սպորտ
17:40 12/09/2016
Աշխարհ

Վերվորտ. «Կյանքին հրաժեշտ տալու ժամանակը չի եկել»

Ռիոյի Պարալիմպիկ խաղերի անվասայլակներով մրցավազքի արծաթե մեդալակիր, Բելգիայի ներկայացուցիչ Մարիկա Վերվորտը, ով մտադիր էր Ռիոյի խաղերից հետո էվթանազիայի միջոցով վերջ տալ կյանքին, փոխել է որոշումը: Այս մասին տեղեկացնում է BBC Sport-ը:

«Փորձում եմ հաճույք ստանալ յուրաքանչյուր լավ վայրկյանից: Երբ գա ժամանակը, երբ վատ օրերն ավելի շատ կլինեն, քան լավերը, էվթանազիայի բոլոր փաստաթղթերը պատրաստ են, բայց հիմա ժամանակը չի եկել: Հիանալի է, որ ես դարձել եմ արծաթե մեդալակիր: Իհարկե, դժվար է սպորտին հրաժեշտ տալը: Սպորտն իմ կյանքն է»,- հայտարարել է 37-ամյա մարզուհին, ով Ռիոյի խաղերից հետո ավարտում է մարզական կարիերան:

Վերվորտը տառապում է առաջադեմ մկանների հիվանդությամբ: Օգոստոսին Լոնդոնի 2012 թ. Պարալիմպիկ խաղերի չեմպիոնուհին հայտարարել էր, որ Ռիոյի Օլիմպիադայից  հետո հրաժեշտ կտա ինչպես մեծ սպորտին, այնպես էլ կյանքին:

Հավելենք, որ 2002 թ. սկսած Բելգիայում էվթանազիան օրենքով թույլատրվում է: Յուրաքանչյուր տարի երկրում ավելանում է այս գործընթացով կյանքն ավարտողների թիվը: 2013 թ. տվյալներով էվթանազիայի միջոցով մահացել է 1807 մարդ:
 

Placeholder
Վերվորտ. «Կյանքին հրաժեշտ տալու ժամանակը չի եկել»