Շուշիում կկայանա «Արցախ ԷթնոՖեստ» առաջին միջազգային փառատոնը
Տարածաշրջան
19:27 13/09/2016
ԼՂՀ

Շուշիում կկայանա «Արցախ ԷթնոՖեստ» առաջին միջազգային փառատոնը

Սեպտեմբերի 15-17-ը Արցախում կկայանա  «Արցախ ԷթնոՖեստ» առաջին միջազգային փառատոնը:
Արցախի Հանրապետության մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարությունը  մշակութային  ինքնության  պահպանման,  ազգային  և ավանդական արժեքների վերարտադրության ու հանրահռչակման,  ինչպես նաև  միջազգային համագործակցության խթանման քաղաքականության շրջանակներում սկսում է նոր ՝ «Արցախ ԷթնոՖեստ» միջազգային  նախագիծը: Այս մասին հայտնում են փառատոնի կազմակերպիչները:

«Արցախէթնոֆեստ»-ը միջազգային փառատոն է, որը նախատեսվում է  իրականացնել տարին մեկ անգամ, Արցախում, տարբեր երկրների ներկայացուցիչների մասնակցությամբ: Յուրաքանչյուր փառատոն կունենա իր խորագիրը և կներկայացնի ազգային մշակույթի մեկ ուղղություն:
«Արցախէթնոֆեստ» առաջին միջազգային փառատոնը կանցկացվի 2016թ. սեպտեմբերի 15-17-ը: Փառատոնը կունենա «Երկրի համը» անվանումը և կներկայացնի տարբեր երկրների ազգային խոհանոցները: Փառատոնին կմասնակցեն ինչպես հմուտ խոհարարներ, այնպես էլ տարբեր մասնագիտությունների տեր մարդիկ Ֆրանսիայից, Ռումինիայից, Մոլդովայից, Հարավային Կորեայից, Սիրիայից, Վրաստանից և իհարկե, Հայաստանից ու Արցախից: Փառատոնային ծրագրի  շրջանակներում նրանք կպատրաստեն և  հյուրերին կմատուցեն իրենց ազգային ուտեստներն ու ճաշատեսակները:

Միջոցառումը տեղի կունենա սեպտեմբերի 16-ին Շուշիի «Իսահակի աղբյուր» ռեստորանային համալիրում: Կներկայացվեն ֆրանսիական կրեպը, ռումինական մամալիգան, բրնձով պատրաստված կորեական ուտեստներ, սիրիական աղցաններ և արևելյան քաղցրավենիք, վրացական սացիվին, ինչպես նաև Արցախյան խոհանոցի այցեքարտ ժենգյալով հացը, կուրկուտը, ավանդական խորովածը: Փառատոնի օտարերկրացի մասնակիցների համար կկազմակերպվի ժենգյալով հացի թխման  վարպետության դաս և մրցույթ:  Միջոցառումը կուղեկցվի հետաքրքիր համերգային ծրագրերով:

 

Placeholder
Շուշիում կկայանա «Արցախ ԷթնոՖեստ» առաջին միջազգային փառատոնը