Մենաշնորհները միշտ չէ, որ վատ են. Կարեն Կարապետյան
Քաղաքական
18:33 14/09/2016
Հայաստան

Մենաշնորհները միշտ չէ, որ վատ են. Կարեն Կարապետյան

Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ պատգամավոր Խաչատուր Քոքոբելյանը նորանշանակ վարչապետից հետաքրքրվեց, թե մենաշնորհների ու ստվերի դեմ պայքարի  համար ինչ լուծում է տեսնում:

Կարեն Կարապետյանը նախ հայտարարեց, որ պատրաստ է ԱԺ-ի աշխատել և մինչև վերջ լինել  պարզ, բաց և անկեղծ:

Ինչ վերաբերում է ստվերի դեմ պայքարին, ապա, ըստ վարչապետի, առանց ստվերի դեմ պայքարի հնարավոր չէ վերարտադրել Հայաստանի տնտեսությունը:

«Հայաստանի տնտեսությունն առանց ստվերի դեմ պայքարի վերարտադրվելու բանաձև չունի: Որքանով մեզ կհաջողվի արդյունավետ պայքարել ստվերի դեմ, կտեսնենք: Տրամադրված ենք վճռական, որովհետև ուրիշ ձև գոյություն չունի: Մենք հարկերի բանաձևերը փոխելու ճանապարհով չենք կարող մեր տնտեսությունն առաջ տանել»,- ասաց վարչապետը:

Անդրադառնալով մենաշնորհների դեմ պայքարի վերաբերյալ պատգամավորի հարցին՝  Կարեն Կարապետյանը նշեց, թե մենաշնորհները միշտ չէ, որ վատ են:

«Դա կախված է մենաշնորհի բնույթից՝ բնականոն է այն, թե՞ ոչ: Շուկան փոքր է, և արդյունավետ աշխատանքի դեպքում շուկայի խաղացողներից մեկը կարող է մոնոպոլ դիրք ստանալ, սակայն եթե նա դա անում է բնականոն, մրցունակ ճանապարհով, այլ ոչ թե ադմինիստրատիվ ռեսուրսի հաշվին, դա այլ հարց է»,- նշեց Կարեն Կարապետյանը:

Ինչ վերաբերում է Հարկային նոր օրենսգրքին, որը, ըստ պատգամավորի սահմանափակում է բիզնեսի հնարավորությունները, վարչապետն ասաց, որ հասցրել է ծանոթանալ հարկային օրենսգրքին:

«Ծանոթացել եմ, դա շատ բարդ հարց է: Այս պահին լուծում չունեմ: Դրա մասին կխոսենք»,- եզրափակեց վարչապետը: 

 

Placeholder
Մենաշնորհները միշտ չէ, որ վատ են. Կարեն Կարապետյան