Տորոնտոյի հայ համայնքն աջակցում է Մատաղիսի դպրոցին
Քաղաքական
11:28 15/09/2016
ԼՂՀ

Տորոնտոյի հայ համայնքն աջակցում է Մատաղիսի դպրոցին

«Հայաստան» համահայկական հիմնադրամը Տորոնտոյի իր տեղական մարմնի միջոցներով մասնակի վերանորոգում է իրականացնում Մատաղիս համայնքի /ԼՂՀ Մարտակերտի շրջան/ միջնակարգ դպրոցում: Եռահարկ այս կրթօջախը կառուցվել է Տորոնտոյի մեր հայրենակիցների հավաքագրած գումարներով 2005-2006թթ-ին:  Այս մասին հայտնում են «Հայաստան» համահայկական հիմնադրամի հասարակայնության հետ կապերի բաժնից:

«Հերթական աշխատանքային այցի ընթացքում պարզ դարձավ, որ  դպրոցը մասնակի վերանորո•ման կարիք ունի: Աշխատանքները մոտենում են ավարտին, և ուսումնական գործընթացն արդեն իսկ ընթանում է բնականոն պայմաններում»,- պարզաբանել է Հիմնադրամի Տորոնտոյի տեղական մարմնի ատենապետ Մկրտիչ Մկրտիչյանը:

Մասնակի վերանորոգումներ են կատարվել տանիքի, սանհանգույցների մաշվածությունը վերացնելու նպատակով: Տեղադրվել են նոր դռներ ու լուսամուտներ: Միջանցքների և դահլիճի հատակները պատվել են   պրեսգրանիտով, իրականացվել են արտաքին հարդարման աշխատանքներ:
«Նորոգման այս աշխատանքները ավելին են համայնքի համար, քան պարզապես դպրոցի նորոգում: Ամեն անգամ, երբ հիշում եմ այն փոքրիկ կառույցը՝ այսօրվա մանկապարտեզի շենքը, որտեղ ես եմ ուսանել, մտածում եմ, որ սա իսկական պարգև է մեր աշակերտների համար»,- ասել է դպրոցի երիտասարդ տնօրեն Գեղամ Աղաջանյանը:

Այս համայնքի նկատմամբ տորոնտոհայերի ուշադրության վկայությունն է նաև ամռան սկզբին տորոնտոհայ բարերար Բերց Լուլեցյանի /Պերճ Լիւլէճիեան/ կողմից նվիրաբերված շտապօգնության մեքենան: Մեկ շտապօգնության մեքենա էլ բարերարը 2014թ.-ին նվիրել էր նույն շրջանի Նոր Մարաղա գյուղին:
 

Placeholder
Տորոնտոյի հայ համայնքն աջակցում է Մատաղիսի դպրոցին