Նաիրիտցիները գործարանի վերագործարկում են պահանջում նաև նորանշանակ վարչապետից
Տնտեսություն
13:20 15/09/2016

Նաիրիտցիները գործարանի վերագործարկում են պահանջում նաև նորանշանակ վարչապետից

Նաիրիտի վերագործարկման պահանջով կառավարության շենքի դիմաց կրկին բողոքի ակցիա էին իրականացնում գործարանի նախկին աշխատակիցները: Կառավարության ղեկավարի փոփոխությունը նրանց մոտ մտահոգություններ ու հարցեր է առաջացրել: Գործարանի վերագործարկման համար ներդրող էր գտնվել, պետք է գար Հայաստան:

Ազգային Ժողովում վարչապետի՝ «Նաիրիտ»-ի մասին խոսքը  դեռ հույսեր չի առաջացրել գործարանի աշխատակիցների մոտ: Նրանց եկել են եզրակացության, որ Կարեն Կարապեյանը դեռ չի ուսումնասիրել խնդիրը:

«Մեզ համար կարևոր չի, վարչապետը ով կլինի, մեզ համար կարևորը դրական որոշման գալն է, արդեն պայմանավորվածություն կար, պետք է նորմալ շարունակել»,-լրագրողների հետ զրույցում ասաց ակցիայի մասնակիցներից մեկը:

Աշխատակիցները հույսները չեն կորցնում, մեկ անգամ ևս հիշեցնում են. «Առանց Նաիրիտի մեր տնտեսությունը կսնանկանա: Եթե գործարանն աշխատեր, մենք այս վիճակում չէին լինի, կաուչուկը մեծ պահանջարկ ունի դրսի շուկայում»:

Նրանք համոզված են, եթե լինի վերագործարկման ցանկություն, ապա խնդիրները լուծելի են, իսկ եթե ցանկություն չկա, ապա պատճառներ միշտ էլ կարելի է գտնել:

 

Placeholder
Նաիրիտցիները գործարանի վերագործարկում են պահանջում նաև նորանշանակ վարչապետից