Վարչապետը նորանշանակ նախարարներից ակնկալում է ռեալ, շատ համարձակ քայլեր
Քաղաքական
11:34 22/09/2016
Հայաստան

Վարչապետը նորանշանակ նախարարներից ակնկալում է ռեալ, շատ համարձակ քայլեր

ՀՀ կառավարության այսօրվա նիստից առաջ վարչապետ Կարեն Կարապետյանը  շնորհավորեց նորանշանակ չորս նախարարներին`  ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Աշոտ Մանուկյանին, ֆինանսների նախարար Վարդան Արամյանին, գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանին և տրանսպորտի և կապի նախարար Վահան Մարտիրոսյանին:

«Ես շնորհավորում եմ մեր թիմակիցներին: Պարոն Արամյանը ֆինանսական աշխարհում հայտնի անձնավարություն է և, երևի առանձնապես ներկայացնել պետք չէ: Ինքն իր առջև դրված խնդիրները շատ լավ գիտի»,- ասաց վարչապետը:

Անդրադառնալով գյուղատնտեսության, տրանսպորտի և կապի, էներգետիկայի և բնական պաշարների նախարարներին՝ Կարեն Կարապետյանը նշեց. «Պարոն Իգնատի Առաքելյանը, Վահան Մարտիրոսյանը և Աշոտ Մանուկյանը ընտրված են հետևյալ չափանիշների հիման վրա. երեքն էլ այդ ոլորտների կառավարիչներ են, իրենց բավականին լավ են դրսևորել, համեստ ու պարկեշտ մարդիկ են, կառավարման նոր մշակույթի կրողներ են: Բավականին մեծ ակնկալիքներ ունեմ նրանցից, որպեսզի իրենք վերանայեն կառավարման համակարգը: Ակնկալում եմ, որ առաջիկայում ծրագրեր կներկայացնեն  թե ինչպես են պատկերացնում ոլորտի զարգացումը»:

Կարեն Կարապետյանի խոսքերով՝ ներսում քննարկում են, որ հետագայում և նախարարությունները, և գերատեսչություններն ունենան հայտանիշներ, որոնցով կգնահատեն իրենց աշխատանքը. «Այդտեղ անպայման ներգրավված կլինի մի գործոն, թե տվյալ ոլորտն ինչքան ներդրում է ներգրավում»: 

Ամփոփելով խոսքը՝ վարչապետը նշեց. «Ելնելով դրանից՝ շնորհավորում եմ ձեզ, շնորհակալություն, որ միացել եք մեր թիմին, որ համաձայնեցիք աշխատել մեզ հետ: Ակնկալում եմ ռեալ, շատ համարձակ քայլեր, դուք լինելով այդ ոլորտից՝  հնարավորություն ունեք Ձեր երազած ոլորտը կառուցել, երկիր փոխել, լավ միջավայր ստեղծել»: 

Placeholder
Վարչապետը նորանշանակ նախարարներից ակնկալում է ռեալ, շատ համարձակ քայլեր