Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Մարզահամերգային համալիրի համար պետք է այնպիսի կառավարիչ ընտրել, որը կկարողանա շահույթ ստանալ. Կարեն Կարապետյան
Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի կանոնադրական գործառույթներն իրականացնելու և բնականոն գործունեությունն ապահովելու նպատակով գործադիրն ընդունել է որոշում, որի համաձայն ՀՀ ԿԱ պետական գույքի կառավարման վարչությունն ուղղակի վաճառքի ձևով ձեռք կբերի համալիրի սեփականությունը հանդիսացող անշարժ և շարժական գույքը սնանկության գործով կառավարչից:
Պետական գույքի առավել արդյունավետ կառավարման միասնական քաղաքականություն իրականացնելու, Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի 2016թ.-ի երկրորդ կիսամյակում բյուջետային ֆինանսավորումն ապահովելու անհրաժեշտությամբ գործադիրն ընդունել է համապատասխան որոշում:
Կառավարության ղեկավարը հանձնարարել է Պետական գույքի կառավարման վարչության պետին առաջարկություններ ներկայացնել մարզահամերգային համալիրի կառավարման հետ կապված, որպեսզի այն ֆինանսական բեռ չլինի պետության համար:
Վարչապետ Կարեն Կարապետյանը խոսքերով՝ Մարզահամերգային համալիրի համար անհրաժեշտ է այնպիսի կառավարչի ընտրել, որը կկարողանա այն այնպես շահագործել, որ ստանա եկամուտ և նույնիսկ հարկեր վճարի պետությանը:
Կարեն Կարապետյանը Պետական գույքի կառավարման վարչության պետ Արման Սահակյանից հետաքրքրվել է, թե ինչ լիազորություններ ունի Մարզահամերգային համալիրի կառավարիչը, որին ի պատասխան Սահակյանն ասել է, թե կառավարիչն, ըստ կանոնադրության, կատարում է իր վրա դրված պարտականությունը:
«Ես հասկանում եմ, որոշակի բիզնես միջավայր ստեղծելը բարդ է, բայց մենք պետք է մի կառավարիչ ընտրենք, որն այդ բեռը կհաղթահարի»,- ընդգծել է վարչապետը Կարապետյանը` հավելելով, որ պետք է այնպիսի կառավարիչ ընտրել, որը կկարողանա շահույթ ստանալ:
Միաժամանակ, վարչապետը նշել է, որ այլ երկրներում նմանատիպ համալիրներին ոչ թե պետությունն է գումար հատկացնում, այլ նրանք ինքնաֆինանսավորվում են:
«Այնպիսի կառավարիչ պետք է ընտրենք, որ ոլորտը տանք, ասենք՝ մեզնից փող մի ուզի, դեռ մի բան էլ փող աշխատի, մեզ հարկ տուր»,- նշել է Կարեն Կարապետյանը: