Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
«Լենինգրադ» խմբի երևանյան համերգի տոմս գնել ցանկացող քաղաքացիներն ահազանգում են, տոմսերը չեն առաքվում: Panorama.am-ին ահազանգած քաղաքացուն հայտնել են, որ տոմսերի վատ վաճառքի հետևանքով հոկտեմբերի 19-ին նախատեսված համերգը չի կայանալու:
Ուշագրավ է՝ համերգի կազմակերպիչը նույն ընկերությունն է, որը կազմակերպելու էր Էրոս Ռամազոտիի համերգը, որն այդպես էլ չկայացավ:
«FORPOSTART PRODUCTION» ընկերությունը իր պաշտոնական կայքում հաստատում է՝ համերգը չի կայանա:

Պաշտոնական պատասխանն էլ նույնն է. «Հոկտեմբերի 19-ին նախատեսված համերգի տոմսերի վաճառքի անբավարար քանակի կապակցությամբ համերգը չեղարկվում է»:
Panorama.am-ի հարցը, թե քանի տոմս է վաճառվել, թողեցին անպատասխան: Հավատացրին, որ տոմսերի գումարի վերադարձի հետ կապված խնդիրներ չեն լինի:
«Բոլոր տոմսերը ենթակա են վերադարձման այն տոմսարկղերում, որտեղից դրանք ձեռք են բերվել: Եվ քանի որ համերգի կազմակերպիչը հենց «FORPOSTART PRODUCTION» ընկերությունն է, տոմսերի գումարները կարողեք ստանալ անմիջապես, տոմսարկղերում վերադարձի պահին»,-ասացին ընկերությունից, ավելացնելով, որ վերադարձը հնարավոր է նաև առաքումով:
Հիշեցնենք միայն, որ այս ընկերությունը դեռ ամբողջությամբ չի վերադարձրել Էրոս Ռամազոտիի չեղարկված համերգի տոմսերի գումարները: Համերգը պետք է կայանար ապրիլին: