«Հայաստանը պատերազմող երկիր է և ռազմարդյունաբերության զարգացումը պետք է լինի պետության թիվ մեկ խնդիրը»
Քաղաքական
13:09 24/09/2016
Հայաստան

«Հայաստանը պատերազմող երկիր է և ռազմարդյունաբերության զարգացումը պետք է լինի պետության թիվ մեկ խնդիրը»

Մի քանի տարի առաջ տեղեկատվական տեղնոլոգիաների ոլորտի ներկայցուցիչները հանդես եկան ՏՏ նախարարություն ունենալու պահանջով, որը, ըստ նրանց, կհամակարգեր ոլորտի խնդիրները: Մինչդեռ  քննարկումների արդյունքում որոշում կայացվեց, որ նոր նախարարություն բացելու անհրաժեշտություն չկա, քանի որ ՀՀ էկոնոմիկայի  նախարարության համապատասխան բաժինը և երկու փոխնախարարները կատարում են ֆունկցիաներ, որոնք համակարգում են ընդհանուր  ՏՏ  ոլորտը:

Ինչպես արդեն հայտնի է, գործադիրի սեպտեմբերի 22-ի նիստում  հավանության արժանացավ «Կառավարության կառուցվածքի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին օրենքի նախագիծը: Ըստ այդմ՝ տեղեկատվական տեխնոլոգիաների  ոլորտը կտեղափոխվի Տրանսպորտի նախարարության ենթակայության տակ և նախարարությունը կանվանափոխվի Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության:

Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանը Panorama.am-ի հետ զրույցում նշեց, որ այսպիսով իրենց՝  ՏՏ նախարարություն ստեղծելու առաջարկությունը մասամբ ընդունվեց: 

«4-5 տարի առաջ ասում էինք, որ պետք է քաղաքականություն փոխվի, նոր նախարարություն ստեղծվի, հիմա մասամբ դա արվեց: Կարծում եմ, որ  տրանսպորտը կապ չունի հեռահաղորդակցության և ինֆորմացիոն տեխնոլոգիաների հետ, ուստի ճիշտ կլիներ, որ տրանսպորտի գործառույթը իրականացնեին էկոնոմիկայի կամ էներգետիկայի նախարարությունները»,- ասաց Կարեն Վարդանյանը: 

Ըստ նրա՝  տեղեկատվական տեխնոլոգիական ոլորտը, հեռահաղորդակցությունը  պետք է լինեն մեկ կառույցում, որպեսզի խնդիրներին համապարփակ լուծում տրվի: «Ժամանակակից աշխարհն այսօր ուղղակիորեն կապված է հեռահաղորդակցության, ինֆորմացիոն տեխնոլոգիաների զարգացման հետ, դրա համար, կարծում եմ, որ նախարարության վրա պետք է նաև դրվեն զենքի արդիականացման խնդիրները: Իսկ կառավարության աշխատանքի գնահատականը կտրվի դրանից ելնելով՝  արդյոք կառավարությանը հաջողվեց վերականգնել ռազմարդյունաբերությունը»,- նշեց  ԻՏՁՄ-ի գործադիր տնօրենը:

Նրա խոսքերով՝  Հայաստանը պատերազմող երկիր է և ռազմարդյունաբերության զարգացումը պետք է լինի պետության թիվ մեկ խնդիրը:   

«Ռազմարդյունաբերությունը պետք է շուտափույթ վերականգնել և բանակին ապահովել հայկական արտադրության զենքով: Այս փուլում դա պետք է կառավարության հիմնական խնդիրը»,- ընդգծեց նա: 

Անդրադառնալով  նորանշանակ վարչապետին և նոր կառավարությանը,  Կարեն Վարդանյանն ասաց, որ նորանշանակ վարչապետին ճանաչում է Երևանի քաղաքապետ աշխատած տարիներից,  արդյունավետ համագործակցել են, սակայն հիմա որևէ գնահատական տալ չի կարող. «Մինչև կառավարության ծրագիրը չհրապարակվի, դեռ չենք կարող որևէ բան ասել:  Նրա մասին դրական կարծիք ունեմ, բայց հիմա կարծիք կարող եմ հայտնել միան կառավարության ծրագրի և պետական բյուջեի հրապարակումից հետո»: 

Placeholder
«Հայաստանը պատերազմող երկիր է և ռազմարդյունաբերության զարգացումը պետք է լինի պետության թիվ մեկ խնդիրը»