Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
«Մեջտեղ եկավ «Հին Երևան» ծրագիրը, որն իրենից բացարձակապես պատմական արժեք ներկայացնել չի կարող»
«Ճարտարապետության և մշակութային արժեքների պահպանության կոմիտեի ստեղծմանը դրական եմ վերաբերում»,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց հայագետ, նախիջևանագետ, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Արգամ Այվազյանը:
«Մշակույթի նախկին նախարարը ահազանգել էր, որ մշակույթի նախարարությունից այդ գործառույթը վերցնելը կարող է շատ վատ անդրադառնալ հուշարձանների պահպանության խնդրի, ես ամենևին այդ կարծիքին չեմ: Հայաստանում 1921 թվականին ստեղծվել էր Հնությունների և գեղարվեստական հուշարձանների պահպանության կոմիտե և այդ օրվանից մինչև 1995 թվականը այդ կառույցը մշակույթի նախարարության ենթակայության տակ չի եղել»,-հիշեցրեց նա:
Անդրադառնանք մշակույթի նախարարության ենթակայության տակ գտնվող հուշարձանների վերականգնման աշխատանքներին՝ մշակույթի վաստակավոր գործիչն ասաց, որ մասնագիտական տեսանկյունից շատ վատ աշխատանքներ են իրականացվեցին վերջին 10-15 տարիների ընթացքում. «Օրինակ մասնագիտական թերուցումներով իրականացվեցին Գառնիի կամուրջի, Քոբայրի, Հնեվանքի, Սանահինի, Հաղարծինի, Օձունի տաճարի մասնակի կամ ամբողջական վերանորոգման աշխատանքները»:
Նրա խոսքով՝ հուշարձանների պահպանության բնագավառում պետք չէ հեռու գնալ և ուսումնասիրել մայրաքաղաքը. «Երևանում հին ժողովրդական տները, որոնք դեռ 80-ականներին հաշվառված էին պետական ցուցակներում՝ որպես հուշարձաններ, 90-ականներից հետո շատ սահուն կերպով դրանց կարգավիճակը հանվեց և Հայաստանում ի հայտ եկավ «գերակա շահ» անունով մի տերմին և այսօր մենք չկարողացանք անգամ փոքրիկ Երևանի միջուկը պահպանել: Մեջտեղ եկավ «Հին Երևան» ծրագիրը, որն իրենից բացարձակապես պատմական արժեք ներկայացնել չի կարող: Հավաքել հինգ-տասը շենք՝ ծածկած շուկայի նման մի տեղ, դա ամոթ է»:
Արգամ Այվազյանը հավելեց նաև, որ հուշարձանների պահպանության մի ձև է նաև դրանց մասին գիր ու գրականություն հրատարակելը, սակայն դա էլ տեսանելի չէ մշակույթի նախարարության ենթակայության տակ եղած տարիներին: