ՏՄՊՊՀ. «Յանդեքս»-ը գործում է անարդար մրցակցային կանոններով
Քաղաքական
10:44 29/09/2016
Հայաստան

ՏՄՊՊՀ. «Յանդեքս»-ը գործում է անարդար մրցակցային կանոններով

Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը սկսել է ուսումնասիրել «Յանդեքս» տաքսի ծառայության գործունեությունը: Մոսկվայում մեկնարկած մրցակցային մարմինների ղեկավարների նիստի ժամանակ հայտարարել է նիստը նախագահող ՏՄՊՊՀ նախագահ Արտակ Շաբոյանը:

Նա հայտարարել է, որ այս պահին Հանձնաժողովը ուսումնասիրում է էլեկտրոնային հարթակների միջոցով տաքսի ծառայություն կազմակերպող ընկերությունների գործը: Խոսքը վերաբերում է վերջերս հայկական շուկա մուտք գործած «Յանդեքս» տաքսի ծառայությանը: Հանձնաժողովը սեփական նախաձեռնությամբ սկսել է ուսումնասիրել ընկերության վարքագիծը, քանի որ շուկա մուտք գործելու օրվանից վերջինիս գործունեության մեջ նկատվել են մրցակցային օրենսդրության հնարավոր խախտման դրսևորումներ:

Ա. Շաբոյանը տեղեկացրել, որ «Յանդեքսի» մեկնարկային պայմաններն ի սկզբանե եղել են ընկերության համար խիստ շահավետ: Ի տարբերություն նույն ծառայությունը մատուցող անհատների կամ ընկերությունների, «Յանդեքսը»  չի վճարում մյուսների համար պարտադիր համարվող   լիցենզավորման տուրքը, վարորդների եկամտային հարկը և արտոնագրային վճարը, որն արդեն իսկ առավել մրցակցային պայմաններ է ապահովում վերջինիս համար:

Հանձնաժողովի մամուլի ծառայության փոխանցմամբ, ընկերության վարքագծի ուսումնասիրության ընթացքում ՏՄՊՊՀ-ն բացահայտել է մի շարք հանգամանքներ, որոնք փաստում են, որ ընկերությունը դաշտում գործում է անարդար մրցակցային կանոններով: Օրինակ, «Յանդեքսը» իր հետ համագործակցող բոլոր վարորդներին փաստացի կատարած յուրաքանչյուր մինիմալ պատվերի համար վճարում է 500 դրամ, ինչն առնվազն բիզնես տրամաբանությունից դուրս գործելաոճ է:

Քանի որ Հայաստանում գործում են էլեկտրոնային հարթակների միջոցով աշխատող այլ տաքսիներ ևս, ապա Հանձնաժողովը այս պահին ուսումնասիրում է վերջիններիս վարքագիծը նույնպես: Խոսքը վերաբերում Է «GG  տաքսի» և «Մոբի տաքսի» ընկերություններին: Ավարտին կհրապարակվի իրավախախտումների վերաբերյալ Հանձնաժողովի որոշումը:

Placeholder
ՏՄՊՊՀ. «Յանդեքս»-ը գործում է անարդար մրցակցային կանոններով