Շարմազանով. Մենք պետք է լավ աշխատենք, որպեսզի մեր ընտրողների վստահությունը չզրոյացնենք
Քաղաքական
12:54 03/10/2016

Շարմազանով. Մենք պետք է լավ աշխատենք, որպեսզի մեր ընտրողների վստահությունը չզրոյացնենք

«Ընտրությունները մրցակցային էին, քաղաքական էին, ժողովրդավարական էին»:  ՏԻՄ ընտրությունների արդյունքներն ամփոփելով՝ ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուրադ Շարմազանովը:

«Պետք է նշեմ, որ բոլոր խնդիրներով հանդերձ՝  Վանաձորի և Գյումրիի ընտրությունները ցույց տվեցին, որ պառլամենտական համակարգին անցումը նորմալ ընթանում է, կուսակցությունները կարողանում են ազատ ընտրապայքարի միջոցով ընտրողին ներկայացնել իրենց ծրագրերը»,-ասաց նա:

Շարմազանովի խոսքով, 2016-ի ընտրությունները ցույց տվեցին, որ Հայաստանում այլևս մրցակցային ընտրություններն այլընտրանք չունեն:

ՀՀԿ-ական գործչի խոսքով, հրապարակված արդյունքներն իրենց համար սպասելի էին. «Մենք գիտեինք  և թույլ, և ուժեղ կողմերը: Չեմ ասում, որ դրանից մենք պետք է ոգևորվենք և ասենք՝ մեր դեմ խաղ չկա: Չէ, խնդիրը դրա մեջ չի, մենք շնորհակալ ենք և վանաձորցիներին և գյումրեցիներին, որոնք իրենց ձայներն ու առաջին տեղը տվեցին Հանրապետականին»:

Շարմազանովը շնորհավորեց այն բոլոր կուսակցությունների ներկայացուցիչներին, ովքեր ընտրվել են Գյումրու և Վանաձորի ավագանիում:

«Մյուս համայնքներ մասով նշեմ, որ արդյունքները մեզ համար սպասելի էին: Մեր թեկնածուն հաղթեց թե Սևանում, թե Ախթալայում, Օձունում, Սիսիանում… Այսինքն, հիմնական համայնքներում Հանրապետականները հաջողության հասան: Պառլամենտական ընտրություններից առաջ սա շատ լավ հիմք է հաջողության հասնելու, բայց մենք պետք է լավ աշխատենք, որպեսզի մեր ընտրողների վստահությունը չզրոյացնենք: Ընտրողները մեզ վստահության քվե են տվել, ինչը շատ պարտավորեցնող է»,-ասաց նա:

ՏԻՄ ընտրություններից հետո Շարմազանովը մի հետևության էլ է եկել. «ՀՀԿ-ն մնում է  Հայաստանի Հանրապետության ամենաառանցքային ուժը, այն ամրապնդեց իր ուժերը համայնքներում: Իհարկե, որոշ համայնքներում կային խնդիրներ, գործադիր մարմնի նիստի ընթացքում դրանք կվերլուծվեն»:

Ինչ վերաբերում է ընտրախախտումների վերաբերյալ բարձրաձայնումներին, ահազանգերին, Շարմազանովն ասաց, որ ահազանգերն ու խախտումները շատ ավելի փոքր ծավալով էին, քան նախորդ ընտրությունների ժամանակ:

«Չի եղել մի ահազանգ, որի հետևից ոստիկանությունն ու ԿԸՀ-ն չգնա, չարձանագրի: Եղել են դեպքեր, երբ ահազանգերը կեղծ են եղել, փաստեր չեն ներկայացվել: Իհարկե, ես այն կարծիքին չեմ, որ ընտրախախտումներ չեն ղել, բայց դրանք չեն ազդել ընտրությունների արդյունքների վրա»,-ասաց նա:

Անդրադառնալով Ն. Փաշինյանի հայտարարությանը,  Շարմազանովն ասաց, որ քաղաքակիրթ աշխարհում դա ընդունված է, նրանք էլ պետք է վերլուծություններ անեն:

«Միգուցե մի շարք այլևս նախկին դասական ընդդիմադիր կուսակցությունները ֆիասկո ապրեցին: Ես չեմ ուզում իրենց փոխարեն խոսել, իրենք պետք է պրոբլեմները տեսնեն: Իշխանությունը գիտակցում է փոփոխությունների անհրաժեշտությոնը  ու գնում է  դրան, որն էլ ցույց տվեցին Սևանի ընտրությունները, երբ  չսատարեցինք Սևանի ՀՀԿ-ական գործող համայնքապետին, այլ երիտասարդ թեկնածուին: Հանրապետականը պատրաստ է տեսնել իր թերությունները, վիրահատական միջամտության գնալ, մարմնի հիվանդ մասերը հեռացնել և առողջ արյուն ներարկել»,-ասաց նա:

Հարցին, թե դասական ընդդիմադիր ասելով, ում ի նկատի ունի ԱԺ փոխնախագահը՝ նա նշեց, այն ուժերին, ովքեր խմբակցություններ ունեն ԱԺ-ում:
 

Placeholder
Շարմազանով. Մենք պետք է լավ աշխատենք, որպեսզի մեր ընտրողների վստահությունը չզրոյացնենք