«Forpostart production» ընկերությունը խաբել է նաև պատգամավորին
Իրավունք
17:38 05/10/2016
Հայաստան

«Forpostart production» ընկերությունը խաբել է նաև պատգամավորին

Էրոս Ռամազոտիի երևանյան չեղարկված համերգի տոմսեր գնած քաղաքցիները դեռ իրենց գումարները հետ չեն ստացել: Խնդրի մասին Ազգային ժողովում կառավարության հետ հարց  ու պատասխանի ժամանակ բարձրաձայնեց  Աժ պատգամավոր Լյուդմիլա Սարգսյանը՝ հիշեցնելով, որ համերգի կազմակերպիչը «Forpostart production» ընկերությունն է:

«Մարդիկ չգիտեն՝ ինչ անեն: Ես ինքս առնչվել եմ այդ խնդրի հետ, երեք անգամ խաբել են՝ խոստանալով գումարը վերադարձնել»,-ասաց պատգամավորը:

Օրենսդիր մարմնի ներկայացուցիչը նշեց, չգիտի ՝ հարցին մշակույթի նախարարը ի զորու է պատասխանել, թե ոչ, բայց իր նպատակն է, որ խնդրին ուշադրություն դարձնեն իրավապահ մարմինները:

«Ես կարծում եմ՝ այստեղ շատ լուրջ կոռուպցիոն հարցեր կան, և մեծ գումարների հետ գործ ունենք, որը հավանաբար շրջանառում է այդ ընկերությունը»,-հայտարարեց Լ. Սարգսյանը:
Նա հետաքրքրվեց՝ ի՞նչ լծակներ կան ընկերությանը պատասախանատվության ենթարկելու և այդ գումարները երկար ժամանակ պահելու համար մարդկանց փոխհատուցում վճարելու համար:

Հարցին պատասխանեց արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը. «Ձեր բարձրացրած հարցը վերաբերում է շատ պարզ մի իրավական կարգավորման՝ խոսքը պարտավորությունների չկատարմանը կամ ոչ պատշաճ կատարմանը»:

Նախարարը վկայակոչեց Քաղաքացիական օրենսգրքի կարգավորումները, երբ պարտապանը՝ այս պարագայում «Forpostart production» ընկերությունը չի մատուցել ծառայություն, հետևաբար պետք է լինեն իրավական հետևանքներ, որոնից գումարների վերադարձն է, և «ինչու ոչ պատճառած իրական վնասի, բաց թողնված օգուտի հատուցումը»:

Հովհաննիսյանն ասաց, եթե պարտապանն ու պարտատերը համաձայնության չեն գալիս, թե ինչ ժամկետներում պետք է լինի փոխհատուցումը, ապա դրա համար գործումէ  դատական մեխանիզմը:

«Ծանոթ չլինելով պայմանագրին և այլ մանրամասներին, դժվար կարողանամ այլ բաներ ասել»,-նշեց նա:

Լյուդմիլա Սարգսյանն արձագանքեց, որ մարդիկ երկու տոմսի համար 100-120 հազար դրամ են վճարել, խնդիրը մասայական է, վերաբերում է մի քանի հազար մարդու:

«Հիմա այս ընկերությունը ինչ-որ ձևով պատասխանատվության պիտի ենթարկվի, թե ոչ: Ով է իրավասու այդ խնդրին ընթացք տալու: Ես ահազանգում եմ և ակնկալում եմ, որ կառավարությունը կարձագանքի դրան։ Ըստ էության՝ գողոն է տեղի ունեցել, և այդ ընկերությունը էլի խմբեր է հրավիրում ու չեղյալ հայտարարում: Սա լուրջ խնդիր է, որին պետք է ընթացք տալ: Եվ ի վերջո՝ քաղաքացու իրավունքը պե՞տք է պաշտպանվի, թե՞ ոչ»,-ասաց պատգամավորը:

Ի պատասխան Արփինե Հովհաննիսյանն արձագանքեց, որ պատգամավորն իր հարցադրմամբ կառավարության ուշադրությունը հրավիրեց խնդրի վրա:

«Կարծում եմ, իրավասու մարմինները, յուրաքանչյուրն իր լիազորությունների շրջանակներում հետևողական կլինեն: Եթե այդտեղ կան քրեական հանցակազմի տարրեր, ապա իրավապահ մարմինները դրան ևս ականջալուր կլինեն, անարձագանք այդ ամենը չի մնա»,-ասաց Հովհաննիսյանը:

Հիշեցնենք, որ խնդրի վերաբերյալ Panorama.am-ը զրուցել էր «Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ նախագահ Բաբկեն Պիպոյանի հետ: Նա իրավապահների ուշադրություն էր հրավիրում «Forpostart production» ընկերության գործունեության վրա:

Հրապարակմանն արձագանքեցին ՀՀ գլխավոր դատախազությունից՝ տեղեկացնելով, որ հրապարակումը ստուգման համար ուղարկվել է ոստիկանության հանցավորության դեմ պայքարի վարչության պետին:
 

Placeholder
«Forpostart production» ընկերությունը խաբել է նաև պատգամավորին