Համալսարանի ռեկտորը  պետք է ունենա ավելի շատ կառավարման փորձ, քան գիտական աստիճան. Լևոն Մկրտչյան
Կրթություն, գիտություն
19:54 05/10/2016
Հայաստան

Համալսարանի ռեկտորը պետք է ունենա ավելի շատ կառավարման փորձ, քան գիտական աստիճան. Լևոն Մկրտչյան

Ռեկտորի, բուհի գործադիր ղեկավարի, գիտական խորհրդի պարտականությունները պետք է տարանջատվեն: Այս մասին ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ  հայտարարեց ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը՝ պատասխանելով ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սամվել Ֆարմանյանի հարցին, թե բարձրագույն ուսումնական հաստատություններում գործող օրենսդրությամբ ինչ չափանիշեր են առաջադրվում ռեկտորի պաշտոնում տարբեր մարդկանց  ընտրության հարցում: 

«Արդեն մշակված է և կայքում դրված է «Բարձրագույն կրթության» մասին օրենքի նոր նախագիծը, և այստեղ հայեցակարգային փոփոխություն կա հենց համալսարանական կառավարման համակարգի ուղղությամբ:  Ես չեմ ընդունում, որ ճիշտ է, որպեսզի մենք անպայման պահանջենք համալսարանների համար բարձրագույն գիտական աստիճան ունեցող մարդկանց: Եվ համաշխարհային բուհական փորձը ցույց է տալիս, որ ռեկտորի, բուհի գործադիր ղեկավարի, գիտական խորհրդի պարտականությունները պետք է տարանջատվեն: Աշխարհի լավագույն համալսարանների օրինակը եթե վերցնենք, ապա այդտեղ գիտական աստիճանի կամ բարձրագույն աստիճանի դոկտորի, պրոֆեսորի պահանջ չկա»,- նշեց նախարարը:

Լևոն Մկրտչյանը նշեց, որ նախագծով առաջարկում են ձևակերպել՝ համալսարանի ինքնավարություն:  «Ժամանակն է, որպեսզի համալսարանների ղեկավար կազմի ընտրությունը օրենսդիր և գործադիր համալսարանի ներսում անջատվեն ընդհանուր քաղաքական տրամաբանությունից, և հնարավորություն տրվի համալսարաններին ինքնավարության ձևաչափը օգտագործել: Մենք գտնում ենք, որ խորհուրդը պետք է լինի իսկապես ապաքաղաքական, ձևավորված համալսարանի համար ընդունելի, համալսարանի առաքելությանը հարիր անձանցից», - ասաց ԿԳ նախարարը:

Նախարարի խոսքերով,  ռեկտորը պետք է ունենա ավելի շատ կառավարման փորձ, քան գիտական աստիճան: 

Placeholder