Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Բարդագույն հարցերից մեկն եք բարձրացնում: Վստահ եմ, որ ինձանից բանաձևված պատասախան չեք էլ ակնկալում, որևէ մեկը չի էլ կարող նման պատասխան հնչեցնել,-Ազգային ժողովում «Հասարակական կազմակերպությունների մասին և կից օրենքների» նախագծերի փաթեթի առաջին ընթերցմամբ ընդունելու մասին հարցի քննարկման ժամանակ ասաց հիմնական զեկուցող արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը՝ պատասխանելով պատգամավոր Գագիկ Ջհանգիրյանի հարցին, թե՝ ինչ եք կարծում՝ Հայաստանում որևէ պետական մարմին հանրային շահի պաշտպանությամբ դատարան հայց հարուցելու իրավունք պետք է ունենա՞, թե՞ ոչ:
Ըստ նախարարի՝ այս լիազորությունը պետք է իր հետագա զարգացումը ստանա հասարակական կազմակերպությունների լիազորությունների կամ քայլ առ քայլ առաջ գնալու իրավունքի իրացման մեջ:
«Միանգամից որևէ մեկը, հավաստիացնում եմ ձեզ՝ եվրոպական որևէ երկիր այդ ուղղությամբ չի գնացել և ՀԿ-ների՝ իր շահառուների պաշտպանության համար դատարան դիմելու իրավունք չի վերապահել բոլոր ոլորոտներում: Որևէ պետական մարմնի ընձեռելու հետ կապված մտածելու հարց է: Արդյո՞ք պետական մարմինը հանրային շահի պաշտպանությամբ զբաղվելու տեսանկյունից ամբողջությամբ կարող է այդ գործառույթն իր վրա վերցնել և պատշաճ իրականացնել: Գուցե քննարկենք այս հարցը Մարդու իրավունքների պաշտպանի օրենքի՞ շրջանակներում: Բայց մաքուր ծավալով, չեմ կարծում, որևէ պետական մարմնի այդ հնարավորությունը պետք է ընձեռել: Այս պահի դրությամբ այս հարցի կապակցությամբ վերջնական դիրքորոշում ձևավորված է»,- նշեց Ա. Հովհաննիսյանը:
Գ. Ջհանգիրյանն արձագանքելով՝ նշեց, որ, ըստ էության, հանրային շահը Հայաստանում բոլորովին անտեսված է:
«Բոլոր այգիները դարձել են սրճարաններ, կանաչ գոտիներն ավերվում են և այլն: Հանրային շահը վերաբերում է յուրաքանչյուր բնակչի: Հանրային շահի պաշտպանության դիրքերից ոչ մեկը հանդես չի գալիս, ոչ մի պետական մարմին դրա տերը չէ, անտեր է»,- ասաց պատգամավորը:
Հիշեցնենք ամենաակնառու օրինակը այս օրենքի, կամ ավելի ճիշտ՝ օրենքի բացակայության. Երբ հանրությունը բողոքում էր «Մոսկվա» կինոթատրոնի ամառային դահլիճը քանդելու որոշման դեմ, հազարավոր ստորագրություններ էին հավաքվում շենքը պահպանելու համար, պարզվեց, որ անգամ այդ հազարավոր քաղաքացիները չեն կարող դիմել այս հարցով դիմել դատարան՝ վիճարկելու կառավարության որոշումը՝ թե շենքը Հուշարձանների ցուցակից հանելու, թե որևէ մեկին որպես սեփականություն տրամադրելու, թե քանդելու։
Սկզբունքորեն՝ խնդիրը սառեցվեց ու ոչ թե օրենքի շրջանականերում, այլ՝ ներքին պայմանավորվածությամբ։
Ինչպես այդ օրերին պարզեց Panorama.am-ը՝ դիմելով իրավագետների, հարցը կարող էր լուծվել այսպես՝ դիմել ՄԻՊ-ին ու «ստիպել», որ ՄԻՊ-ը դիմի դատարան։
Ի սկզբանե հավանաբար ենթադրվել է, թե պետությունը՝ ի դեմս կառավարության, պիտի լիներ մշակութային հուշարձանների պահպանության երաշխավորը, սակայն իրականությունը ցույց տվեց, որ դրա հույսերը սին են։
Ջհանգիրյան-նախարար մանրամասները՝ տեսանյութում: