Հայաստանում հասունացել է գիտակրթական և արտադրական կլաստերներ ձևավորելու պահանջը. Լ. Մկրտչյան
Կրթություն, գիտություն
16:42 11/10/2016
Հայաստան

Հայաստանում հասունացել է գիտակրթական և արտադրական կլաստերներ ձևավորելու պահանջը. Լ. Մկրտչյան

ՀՀ կրթության և գիտության նախարարությունն ու Տեղեկատվական և հաղորդակցության տեխնոլոգիաների գործատուների միությունը կհամագործակցեն: ԿԳՆ մամուլի ծառայությունից փոխանցում են, որ համագործակցության մասին այսօր հուշագիր են ստորագրել ԿԳ նախարար Լևոն Մկրտչյանը և ՏՀՏ գործատուների միություն նախագահ Արմեն Բալդրյանը:

«Առանձնակի կարևորություն ունի համագործակցությունը տեխնոլոգիական կրթության մշակույթի արմատավորման և կրթական ձևաչափերի ներդրման ուղղություններով: Սա երևի այն եզակի ոլորտներից է, որտեղ կարողացել ենք մասնագիտությունները հստակեցնել՝ դրանք համապատասխանեցնելով աշխատաշուկայի պահանջներին: Իհարկե, առաջիկայում կմշակվի համալիր ծրագիր՝ բնական գիտությունների և ինֆորմատիկայի  ուղությամբ, հատկապես հանրակրթության մեջ: Հույս ունենք, որ այս համագործակցությունը, որն ուղղված է երկրում հենքային ամուր կրթական բազայի ձևավորմանը, կշարունակվի»,-նշել է նախարարը:

Նրա խոսքով՝ Հայաստանում հասունացել է գիտակրթական և արտադրական կլաստերներ ձևավորելու պահանջը: «Այսօր մենք պարտավոր ենք ցանցային համալսարանների հնարավորությունն  օգտագործելով՝  ձևավորել առնվազն երկու խոշոր կլաստեր՝ մեկը ինժեներատեխնիկական, մյուսը՝ բնագիտական»:

Համաձայն հուշագրի` կողմերը փոխադարձ համաձայնության են եկել ձեռնարկել միջոցներ՝ ուղղված ՀՀ ուսումնական հաստատություններում ՏՀՏ ոլորտի կրթության որակի բարելավմանը՝ միջազգային չափանիշներին և տեխնոլոգիական առաջընթացին համահունչ, ուսումնական հաստատություն-գործատու համագործակցության ամրապնդմանը, ինչպես նաև ՀՀ մրցունակության բարձրացմանը` որակյալ կրթության միջոցով։

 

Placeholder