Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Մանասերյան. Ռուսական շուկա թուրքական գյուղմթերքի ներմուծման սահմանափակումների վերացումը հայկական կողմի վրա ազդեցություն չի ունենա
Ռուսաստանի կառավարությունը թուրքական մի քանի մրգերի մասով չեղյալ է համարել ներկրման սահմանափակումները: ՌԴ կառավարության էջից տեղեկանում ենք, որ խոսքը մանդարինի, նարնջի, դեղձի, ծիրանի ու այլ ցիտրուսների մասին է:
Ռուս-թուրքական հարաբերությունների ջերմացմանը զուգընթաց այս գյուղմթերքների ցանկը կարող է ընդարձակվել: Մոտ մեկ տարի առաջ, երբ Ռուսաստանը հայտարարեց թուրքական գյուղմթերքների ներկրման սահմանափակումների մասին, հայկական կողմից հնչեցին ոգևորված հայտարարություններ՝ շուկայի բացը կարող են լրացնել հայկական պտուղ-բանջարեղենը:
Տնտեսագիտության դոկտոր Թաթուլ Մանասերյանը Panorama.am-ի հետ զրույցում ասաց՝ անհամադրելի բաներ են:
«Հայաստանը փորձ կատարեց ռուսական շուկայում ոչ միայն թուրքական, այլև դրանից առաջ պատժամիջոցների արդյունքում եվրոպական երկրների բացը լրացնել: Ես կարծում եմ, որ դրանք շտապողականության արդյունք են»,-ասաց տնտեսագետը:
Նրա խոսքով, հաշվարկները ցույց են տալիս Հայաստանը լավագույն դեպքում անգամ չի կարող նման շուկաներ լրացնել: Տնտեսագետն ընդգծում է՝ հայկական պտուղ-բանջարեղենի արտահնաման ծավալները կարող են ավելանալ մի շարք գործոնների առկայության պարագայում, որոնցից առավել կարևորը բարձր որակի ու ծավալների պահպանումն է:
Թ. Մանասերյանի խոսքով, նախորդ տարի հայաստանյան գյուղմթերքի՝ ՌԴ արտահանման ծավալները կրկնապատկվել են, այս տարի ևս դրական տեղաշարժ կա, սակայն դա պայմանավորված չէ սահմանափակումների կիրառմամբ:
«Հայկական ապրանքներն իրենց տեղն ունեն ռուսական շուկայում: Հայկական բրենդը պետք է զարգացնել ռուսական շուկայում՝ որակը բարձր պահելով»,-ասաց նա, նկատելով, որ թուրքական ապրանքի՝ Ռուսաստան ներմուծման սահմանափակումների վերացումը ևս չի կարող որևէ ազդեցություն ունենալ հայկական գյուղմթերքի արտահանման աճի վրա:
Մանասերյանն ընդգծեց, երբ արգելվեց թուրքական ապրանքների մուտքը ռուսական շուկա, դրանք սկսեցին ավելի շատ հայտնվել հայաստանյան շուկայում: Տնտեսագետի խոսքով, նույնիսկ դեպքեր են եղել, երբ հայաստանյան բարձրաստիճան պաշտոնյաների գիտությամբ թուրքական լոլիկը վերամակնշավորված հայտնվել է ռուսական շուկայում:
«Այստեղ տնտեսականից բացի առկա է նաև քաղաքական խնդիր: Թուրքական ոսկերչական իրերը մաքսանենգ ճանապարհով հայտվել էին ռուսական շուկայում, այստեղ խառն էր նաև հայկական ընկերության մատը: Դա լուրջ դժգոհություն էր առաջացրել Ռուսաստանի տնտեսական ու քաղաքական շրջանակներում: Պետք է Հայաստանը ձեռնպահ մնա նման բաներից»,-ասաց նա:
Թուրքագետ Լևոն Հովսեփյանը հետևել է թուրքական մամուլին, ասաց, մինչ այս պահը սահմանափակումների վերացման վերաբերյալ հրապարակումներ չեն եղել:
«Ռիա Նովոստի» գործակալությունն այսօր տեղեկացրել էր Թուրքիայի էկոնոմիկայի նախարար Նիհաթ Զեյբեկչի հայտարարության մասին, որի համաձայն ՌՈւսաստանի և Թուրքիայի միջև ազատ առևտրի համաձայնագիրը կստորագրվի 2017-ի վերջին:
«Մենք նախատեսում ենք այդ պայմանագիրը կնքել 2017-ի վերջին, իսկ եթե մեր փորձագետները ավելի մեծ ջանքեր գործադրեն, հնարավոր է, ստորագրումը կայանա 2017-ի կեսերին»,-Ստամբուլում հայտարարել է թուրք նախարարը: