«Օրինակ՝ մայր ու աղջիկ նույն դպրոցում են աշխատում». վարչապետը՝ հնարավոր հովանավորչությունների ու շահերի բախման մասին
Քաղաքական
12:09 13/10/2016
Հայաստան

«Օրինակ՝ մայր ու աղջիկ նույն դպրոցում են աշխատում». վարչապետը՝ հնարավոր հովանավորչությունների ու շահերի բախման մասին

ՀՀ կառավարության այսօրվա նիստում վարչապետ Կարեն Կարապետյանը տվեց մի շարք հանձնարարականներ, որոնք վերաբերում են կրթության ոլորտին:

Մասնավորապես, ՀՀ կրթության և գիտության նախարարին, մարզպետներին, Երևանի քաղաքապետին առաջարկեց 7-օրյա ժամկետում ներկայացնել առաջարկություններ հանրակրթական հաստատությունների ընտրության գործընթացում ազգակցական կապերի, հովանավորչության և շահերի բախման երևույթների բացառման ուղղությամբ:

«Ինչի մասին է խոսքը՝ բոլորդ շատ լավ հասկանում եք»,- ասաց վարչապետը և  մանրամասնեց, թե օրինակ՝ մայր ու աղջիկ նույն դպրոցում են աշխատում:

«Ես չեմ բացառում, որ նման դեպքեր կլինեն, պետք է տարբերակել, թե որտեղ է օբյեկտիվ, որտեղ սուբյեկտիվ»,- նշեց նա:

Երկրորդ հանձնարականը ԿԳ նախարարին այն է, որ գյուղական դպրոցների զարգացման հայեցակարգի շրջանակում պետք է ապահովել շաբաթական առնվազն մեկ դպրոցի հետ հեռահաղորդակցային կապի իրականացում՝ մշակելով տվյալ դպրոցի հետ համապատասխան ուսուցողական ծրագրերի կիրառման մեխանիզմները: «Մենք ունենք «Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոն» (ԿՏԱԿ) ՊՈԱԿ, որը ապահովել է կամուրջներ, կապեր  բոլոր դպրոցներ հետ: Ցավոք սրտի, կարծում եմ, որ այս պահին էֆեկտիվ չենք դա օգտագործում»,- ընդգծեց վարչապետը:

Կարեն Կարապետյանը նշեց, որ կառավարության ծրագրում հստակ ձևակերպել են, թե որտեղ ուսուցիչների, համապատասխան մակարդակի պակաս կա՝ տալ հնարավորություն երեխաներին այս դասընթացն իրականացնել: «Կարծում եմ ճիշտ բան ենք անում, լավ բան ենք անում և հետևողական ենք լինելու»,-հավելեց Կարեն Կարապետյանը:

Placeholder
«Օրինակ՝ մայր ու աղջիկ նույն դպրոցում են աշխատում». վարչապետը՝ հնարավոր հովանավորչությունների ու շահերի բախման մասին