Դեկտեմբերին հնարավոր է ստորագրվի ԵԱՏՄ մաքսային օրենսգիրքը. Տիգրան Սարգսյան
Տնտեսություն
14:38 14/10/2016
Հայաստան

Դեկտեմբերին հնարավոր է ստորագրվի ԵԱՏՄ մաքսային օրենսգիրքը. Տիգրան Սարգսյան

Եվրասիական գործընկերության միջազգային համաժողովը կարող է դառնալ լավ ավանդույթ, որտեղ բիզնես ոլորտի ներկայացուցիչները հնարավորություն կունենան ձեռք բերել գործընկերներ, համագործակցել պետական մարմինների հետ: Այս մասին այսօր Երևանում անցկացվող Եվրասիական գործընկերության առաջին միջազգային համաժողովում հայտարարեց Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանը:

Նրա խոսքերով՝ պետական մարմիններն էլ կարող են լսել խնդիրները, վերակազմակերպել իրենց աշխատանքը, որը պետք է ուղղված լինի ԵԱՏՄ երկրների բիզնես ոլորտի զարգացմանը:

Տիգրան Սարգսյանը նշեց, որ Եվրասիական տնտեսական ինտեգրացիան նոր հիմք է ձևավորում ձեռնարկատիրական համայնքի աշխատանքի համար: «Եվրասիական ինտեգրացիոն նախագիծը ընդլայնել  է տնտեսական սահմանները բոլոր երկրների համար,  ստեղծել համարյա 200 մլն-ի հասնող շուկա առանց մաքսային սահմանների, դյուրացրել է բիզնեսի վարման կանոնները մի շարք ոլորտներում»,-նշեց նա:

Ըստ Տիգրան Սարգսյանի՝ ԵԱՏՄ-ում կա 4 ազատություն, որոնք կապված են ծառայությունների, ապրանքների, աշխատուժի և կապիտալի ազատ տեղաշարժի հետ: «Դա նշանակում է, որ ինտեգրացիայի շնորհիվ, բիզնեսը ստանում է գործելու ավելի լայն հնարավորություն,- ընդգծեց նա:

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահը հայտնեց նաև, որ  տարեվերջին արդեն աշխատանքներ են տարվելու դեղորայքի և բժշկական միջոցների ընդհանուր շուկայի, էլեկտրաէներգիայի, գազի, նավթի ընդհանուր շուկայի ստեղծման ուղղությամբ:

Տիգրան  Սարգսյանը նշեց, որ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի օրակարգում է ԵԱՏՄ մաքսային օրենսգրքի փաստաթուղթը, որի վրա հանձնաժողովն աշխատում է երկար ժամանակ: Նրա խոսքերով՝ հանձնաժողովն աշխատանքներ է տանում, որպեսզի փաստաթուղթը ստորագրվի այս տարվա դեկտեմբերին՝ ԵԱՏՄ միության նախագահների հանդիպման ժամանակ:

Նա նաև տեղեկացրեց, որ հիմա աշխատանքներ են տարվում ԵԱՏՄ-Չինաստան համագործակցության ընդլայնման ուղղությամբ՝ Մետաքսի ճանաարհի միջոցով: Բացի այդ, ազատ առևտրի գոտու ստեղծման ուղղությամբ պայմանավորվածություններ են ձեռք բերվում Հնդկաստանի, Իրանի, Եգիպտոսի,  Իսրայելի, Մոնղոլիայի, Հարավային Կորեայի, Սինգապուրի հետ: Արդեն իսկ ստորագրվել է Վիետնամի հետ ազատ առևտրի գոտու ստեղծման համաձայնության փաստաթուղթը:

Placeholder
Դեկտեմբերին հնարավոր է ստորագրվի ԵԱՏՄ մաքսային օրենսգիրքը. Տիգրան Սարգսյան