Մինսկի խմբի համանախագահության ձևաչափի փոփոխություն չի ենթադրվում. ԱԺ փոխնախագահ
Քաղաքական
16:02 17/10/2016
Հայաստան

Մինսկի խմբի համանախագահության ձևաչափի փոփոխություն չի ենթադրվում. ԱԺ փոխնախագահ

Թուրքիան ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում անելիք չունի մի շարք պատճառներով: Նախ՝ Թուրքիան համանախագահ երկիր չէ, համանախագահող երկիրը կարող է փոխվել միայն ու միայն կոնսենսուսով: Մենք դրան դեմ ենք,- Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը՝ արձագանքելով  ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի այն հայտարարությանը, թե Թուրքիան կարող է դրական դեր խաղալ ղարաբաղյան  հակամարտության կարգավորման հարցում:

«Այս տարիների ընթացքում Թուրքիան  ունեցել է միակողմանի, ադրբեջանամետ, երբեմն նաև հանցագործ դիրքորոշում»,- նշեց հա՝ հիշեցնելով այս տարվա ապրիլի 22-ին հենց Երևանում Լավրովի արած հայտարարությունը, որ ապրիլյան պատերազմի օրերին Թուրքիան իր գործելաոճով ոչ թե խաղաղության, այլ պատերազմի կոչ էր անում, ինչը հակասում է Մինսկի խմբի պաշտոնական կարծիքին: 

«Թուրքիան անելիք չունի ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում, որովհետև մեր նպատակը, հուսով եմ նաև  համանախագահող երկրների նպատակը մեկն է՝ փոխզիջումների արդյունքում հասնել խաղաղ կարգավորման»,- ասաց Էդ. Շարմազանովը:

Նրա խոսքով՝  ճիշտ և ամբողջական  կլինի, եթե  միջազգային հանրությունը ստիպի Թուրքիային կատարել իր իսկ ստանձնած ցյուրիխյան պարտավորությունները, ավելի՝  Թուրքիան պետք է ապաշրջափակի Հայաստանը:

Պատասխանելով հարցին, թե արդյո՞ք նման հայտարարությունը չի նշանակում, որ Թուրքիան և Ռուսաստանը այդ հարցում համաձայնության են եկել՝ հաշվի առնելով նաև այն, որ այդ մասին խոսել է Թուրքիայի արտաքին գործերի նախարարը, ԱԺ փոխնախագահն ասաց, որ պետք չէ մեծ ուշադրություն դարձնել թուրքական դիվանագիտության կեղծ ինֆորմացիային:

«Թուրքիան ունի մեկ խնդիր՝ ուժեղացնել իր դերը կովկասյան տարածաշրջանում՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ Թուրքիան գնում է քաղաքական մեկուսացման, Եվրամիության հետ հարաբերություններում  բավականին խոչընդոտներ կան: Ցանկանում է ցույց տալ, որ ինքը կա: Թուրքիան խաղացողներից մեկն է, բայց ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում անելիք չունի, Հայաստանի Հանրապետությունն ու Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը չեն համաձայնվի, որ Թուրքիան որևէ դերակատարում ունենա կարգավորման գործընթացում»,- ասաց Էդ. Շարմազանովը:

Նա նաև մեջբերեց հոկտեմբերի 14-ին ՀԱՊԿ երևանյան գագաթաժողովի արդյունքում ընդունված հայտարարությունը, կրկին անգամ հիշեցրեց համանախագահող երկրների հայտարարությունները, որ խնդիրը պետք է լուծվի բացառապես խաղաղ ճանապարհով, Մինսկի խմբի ձևաչափով:

«Վերահաստատում եմ՝ Մինսկի խմբի համանախագահության ձևաչափի փոփոխություն չի ենթադրվում: Մենք դրան դեմ ենք»,- ընդգծեց ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը:

Placeholder
Մինսկի խմբի համանախագահության ձևաչափի փոփոխություն չի ենթադրվում. ԱԺ փոխնախագահ