Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Արցախը ոչ մի կարգավիճակում չի լինելու Ադրբեջանի կազմում. Շարմազանովի պատասխանը «Չեմբեռլենին»
ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում անդրադառնալով Ադրբեջանի նախագահի հայտարարությանը, թե Լեռնային Ղարաբաղը կարող է դառնալ ինքնավար հանրապետություն Ադրբեջանի կազմում, նշեց, որ Իլհամ Ալիևը չէ, որ պետք է որոշի Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը:
«Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը 1988 թվականին սկսել է պայքարել ազատ և անկախ ապրելու իրավունքի համար: Եթե պարոն Ալիևը տեղյակ չէ, ապա ես տեղեկացնեմ, որ բանակցային սկզբունքներից մեկն ինքնորշման իրավունքի իրացումն է: Մինսկի խմբի համանախագահ երկրների նախագահները միշտ հայտարարել են, որ ինքնորոշման իրավունքի իրացումը երեք սկզբունքներից մեկն է՝ տարածքային ամբողջականության և խաղաղ կարգավորման հետ մեկտեղ»,- նշեց Էդուարդ Շարմազանովը:
Նրա խոսքերով՝ Ադրբեջանի կազմում Նախիջևանի ինքնավար Հանրապետության գոյությունը լավագույն վկայությունն է, որ հայերը չեն կարող ապրել ինքնավար հանրապետության քաղաքացու կարգավիճակում Ադրբեջանի կազմում: «Ի՞նչ տեղի ունեցավ Նախիջևանում: Մենք տեսանք, որ Ադրբեջանի բարձրագույն ղեկավարությունը և ադրբեջանցիները ոչ միայն հայ ժողովրդին էին հետապնդում, ոչ միայն կազմակերպում էին ջարդեր Սումգայիթում և Բաքվում, այլ նրանք կազմակերպեցին հուշարձանների՝ համաշխարհային մշակութային ժառանգություն համարվող տասնյակ հազարավոր խաչքարերի ոչնչացումը: Ադրբեջանցիները նույնիսկ հայկական խաչքարերի նկատմամբ չկարողացան հանդուրժող լինել, հայ ժողովրդի նկատմամբ ինչպե՞ս կարող են հանդուրժող լինել»,- ասաց ԱԺ փոխնախագահը:
Էդուարդ Շարմազանովը նշեց, որ Արցախի ժողովուրդը պետք է օգտվի ինքնորոշման իրավունքից և ինքը որոշում կայացնի: Նա վստահություն հայտնեց, որ նոր հանրաքվեի դեպքում Արցախի ժողովուրդը կկայացնի նույն որոշումը, որը կայացրել է 1991թ.:
«Կարծում եմ, որ Ալիևի հայտարարությունները, մանավանդ ռուսական լրատվամիջոցներին, անտեղի են: Եթե պարոն Ալիևը ցանկացել է ասել անկախ հանրապետություն, միգուցե, դա է ճիշտը»,- նշեց ԱԺ փոխխոսնակը:
Ըստ նրա՝ ստեղծման պահին ՄԱԿ-ն ունեցել է 57 անդամ պետություն, իսկ այսօր այդ թիվը հասնում է 193-ի. «Այնպես որ, պարոն Ալիևն ուզի, թե չուզի, աշխարհը գնում է ինքնորոշման իրավունքի հաղթարշավի ճանապարհով, և անհնար է գետի հունին հակառակ երկար լողալ»:
Էդուարդ Շարմազանովի խոսքերով՝ Արցախի միջազգային ճանաչումն ընդամենը ժամանակի խնդիր է:
«Արցախն այսօր կայացած ժողովրդավարական հանրապետություն է, հարկ եղած դեպքում ժողովրդավարության դասեր կտա սուլթանական Ադրբեջանին: Մեզ համար ամենակարևորը կարգավիճակի հարցն է, Արցախը ոչ մի կարգավիճակում չի լինելու Ադրբեջանի կազմում: Սա է մեր պատասխանը պարոն Չեմբեռլենին»,- հայտարարեց Շարմազանովը:
Հարցին, թե ինչո՞ւ չի կայանում Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների հանդիպումը, ԱԺ փոխխոսնակն ասաց, որ խնդիրն ադրբեջանական կողմում է. «ՀԱՊԿ գագաթնաժողովում կոչ արվեց, որ Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածությունները պետք է իրականություն դառնան: Դուք կարո՞ղ եք ասել, որ Ադրբեջանը որևէ գործնական քայլ կատարե՞լ է: Խնդիրը ադրբեջանական կողմում է, եթե ադրբեջանցիները փոխզիջում ասելով հասկանում են ինքնավար հանրապետություն, ապա նրանք տվայտանքների մեջ են: Փոխզիջումը դա ԼՂՀ միջազգային ճանաչումն է, իսկ թե ինչի՞ դիմաց, կորոշի Արցախի ժողովուրդը»:
Դիտարկմանը, թե Իլհամ Ալիևը չի բացառել, որ Ադրբեջանը կարող է անդամակցել ԵԱՏՄ-ին, Շարմազանովը պատասխանեց. «Եթե պարոն Ալիևը դա չի բացառում, իսկ քաղաքականությունն էլ հնարավորի արվեստ է, ինքը չպետք է բացառի նաև Լեռնային Ղարաբաղի միջազգային ճանաչումը»: