Ինչ կտա «Հորիզոն-2020»-ը Հայաստանի գիտական համայնքին
Կրթություն, գիտություն
19:18 18/10/2016
Հայաստան

Ինչ կտա «Հորիզոն-2020»-ը Հայաստանի գիտական համայնքին

Ազգային ժողովի արտահերթ նիստում քննարվեց «2016 թվականի մայիսի 19-ին Բրյուսելում ստորագրված` Հայաստանի Հանրապետության և Եվրոպական միության միջև «Հորիզոն-2020» հետազոտությունների և նորարարության շրջանակային ծրագիր (2014-2020)» միության ծրագրին Հայաստանի Հանրապետության մասնակցության մասին» համաձայնագրի նախագիծը:  Հիմնական զեկուցողն է կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը:

«Ծրագիրը Հայաստանի մասնակցությամբ ստորագրված առավել արդյունավետ համաձայնագրերից մեկն է, որը փորձում է կարգավորել մեր հարաբերությունները գիտության ոլորտում իբրև արդեն շրջանակային համաձայնագրին մասնակցող երկիր»,- ասաց նախարարը:

«Հորիզոն-2020» ծրագիրը, Լ. Մկրտչյանի ներկայացմամբ, ԵՄ ամենամեծ նորարարական ծրագրերից է հսկայական բյուջեով, ունի հիմնականում երեք մաս՝ գիտության գերազանցություն, արդյունաբերական առաջնորդություն, հասարակական մարտահրավերներ:

«Այն հատկապես կարևոր է մասնավոր ներդրումների խրախուսման տեսակետից՝ գիտական հետազոտություններին աջակցելու ձևաչափով, նպատակաուղղված է աջակցելու կոնկրետ նորարարություն պարունակող ծրագրերին: Այս  իմաստով շատ կարևոր է Հայաստանի համար ունենալ նման մուտք Եվրամիություն»,- ասաց հիմնական զեկուցողը:

Ըստ նրա, համաձայնագրի  նպատակի հետ համահունչ՝  Հայաստանը ստանձնում է որոշակի պարտավորություններ:

«Ֆինանսական պարտավորությունների հատվածը եվրոպական գործընկերների հետ միասին բավականին թեթևացված է: Բացի այդ, ծրագիրը բացարձակ վերադարձվող է, ունի մեծ հնարավորություն, ներուժ, պարզապես մեծ աշխատանք է սպասվում Հայաստանից՝ ձևավորելու այդ մշակույթը՝ ծրագրին անդամակցելու, ծրագրին նախապատրաստվելու: Համաձայնագիրը հնարավորություններ է ստեղծում Հայաստանի համար հանդես գալու իբրև կամուրջ՝ ծրագրին չանդամակցող, մաս չկազմող երկրների գիտական պոտենցիալը հավաքելու Հայաստանում՝ իբրև իրավաբանական անձ ծրագրին մասնակից դառնալու համար»,- ասաց նախարարը՝ հավելելով, որ եթե կարողանան  ճիշտ ձևավորել մենեջմենտը,  Հայաստանը կարող է ստանալ ռեգիոնալ կարգավիճակ՝ կազմակերպելու և ներկայացնելու պրոդուկտը:

Ծրագիրը ներկայացնելուց հետո պատգամավոր Խոսրով Հարությունյանը կարծիք հայտնեց, որ, ըստ էության, այն հայրենական գիտության զարգացման համար մի նոր ու շատ կարևոր հնարավորություն է բացում հաղորդակցվելու եվրոպական գիտական կառույցներին:
Նա հիմնական զեկուցողից հետաքրքրվեց, թե այդ համաձայնագիրը կարո՞ղ է  նպաստել ֆունդամենտալ գիտության հայտնի դպրոցների պահպանմանը:

Լևոն Մկրչայան ասաց,  որ համաձայնագիրը կարող է լուրջ հենք հանդիսանալ ոչ միայն ֆունդամեnտալ գիտության,  նաև ֆունդամենտալ գիտությունը դեպի կիրառական գիտություն տրանսֆորմացիայի համար, քանի որ իր մեջ ունի նորարարության բաժին:

«Նոյեմբերի 17-18-ին այստեղ են լինելու Արևելյան գործընկերության երկրների նախարարները, «Հորիզոն-2020» ծրագրի պատասխանատուն: Կփորձենք այստեղ հիմնել գրասենյակ, որը կսովորեցնի և կմարզի մեր գիտնականներին միջազգային չափանիշներին համապատասխան ծրագիր գրելու, ներկայացնելու համար: Սա ամենակարևոր աշխատանքն է, քանի որ գիտնականն իր էությամբ ծրագիր չի կարող գրել, պետք է վերցնել պրոդուկտը, մշակել և ներկայացնել: Այս առումով հույս ունենք, որ այս հանդիպումից հետո կստանանք համապատասխան դրամաշնորհներ այդ ուղղությունը զարգացնելու համար»,- ասաց Լ. Մկրտչյանը:

Պատգամավոր Լեռնիկ Ալեքսանյանը հարցրեց, թե արդյո՞ք  համաձայնագիրը կնպաստի գիտության և արտադրության միջև կապի հաստատմանը:  ԿԳ նախարարի խոսքով՝ անպայման նպաստելու է, քանի որ ունի նորարարության աջակցության խնդիր, մասնավոր սեկտորի ներգրավման հատված:

ՀՀԿ-ական պատգամավոր Կարինե Աճեմյանի հարցին, թե ի՞նչ պետք է անել, որ ծրագրով նախատեսված գումարը ճիշտ ուղղությամբ գնա, այսինքն՝ ծրագիրն աշխատի, Լևոն Մկրտչյանն ասաց. «Գիտական հաստատությունները պետք է իրենց նեղ ես-ից մի քիչ խուսափեն, մտնեն համագործակցության դաշտ: Սա նշանակում է, որ կարող է թեմա լինել, որին մասնակցում է 5-6 ինստիտուտ, համալսարան, ուժերը կենտրոնացնեն ոչ միայն Հայաստանի մակարդակով, այլ նաև միջազգային: Գումարներն այնքան մեծ են, որ մի հաստատություն իր սեփական ներուժով չի կարող ակնկալել լուրջ արդյունքներ: Դրա համար կարևոր  տարր է դառնում գիտության կառավարման համակարգը, որի համար էլ գրասենյակ ենք ձևավորում:  Բացի այդ՝  պետք է սովորել ծրագիր գրել, թարգմանության որակը լինի պատշաճ, գործընկերներ գտնենք ու մատչելի ներկայացնեք»:

Placeholder