Հայաստանի դեղերի համակարգում SOS պետք է բարձրացվի. Արամ Մանուկյան
Առողջություն
16:34 19/10/2016
Հայաստան

Հայաստանի դեղերի համակարգում SOS պետք է բարձրացվի. Արամ Մանուկյան

Աշխարհում 4 մաֆիա կա, որն ամենաշատ փողն է բերում՝ զենքի ապօրինի և օրինական վաճառք, թմրադեղեր, անտիկվար իրեր, դեղեր: Հայաստանի դեղերի համակարգում SOS պետք է բարձրացվի,  հայ ժողովորդի առողջապական խնդիրները, վիճակը վտանգված է,- Ազգային ժողովի արտահերթ նիստում «2015 թվականի դեկտեմբերի 2-ին Մոսկվայում ստորագրված «Հայաստանի Հանրապետության` «Եվրասիական տնտեսական միության շրջանակներում դեղամիջոցների շրջանառության միասնական սկզբունքների և կանոնների մասին» 2014 թվականի դեկտեմբերի 23-ի համաձայնագրին միանալու մասին» արձանագրության վավերացման հարցի քննարկմանն ունեցած ելույթում ասաց ՀԱԿ խմբակցության անդամ Արամ Մանուկյանը:

Ըստ նրա, Հայաստանի առկա բնակչության շուրջ 700 հազարը՝ թոշակառու, հաշմանդամություն ունեցող անձ, գրեթե ամենօրյա ռեժիմով դեղ է օգտագործում՝ թեկուզ մի կաթիլ աչքի դեղ կամ ցավազրկող, ու բախվում է լուրջ պրոբլեմների՝ գին և որակ:

«Հաճախ թոշակառուն  պետք է որոշի՝  գնել որակով և թանկ, վստահելի դեղ, թե գնել էժան, որը կարող է ընդամենը մի կոճակ կավիճ լինի, չցավազրկի, շոկի առիթ հանդիսանա: Հենց  այստեղ սկսում է աշխատել մաֆիան՝ կեղծ դեղեր, ժամկետանց դեղեր»,- ասաց ընդդիմադիր պատգամավորը:

Ա. Մանուկյանը նախ  ներկայացրեց վիճակագրություն, որի համաձայն՝ աշխարհում մահից առաջ վեց ամսվա ընթացքում  յուրաքանչյուր մարդ միջինը ծախսում է դեղերի վրա մոտավորապես այնքան, ինչքան ամբողջ կյանքի ընթացքում, ապա ասաց. «Մենք ծերացող հասարակություն ենք, մահացողների տոկոսը հիմա բավականաչափ բարձր է»: 

Նրա նաև նշեց, որ նույնսիկ  մանկական սնունդն ու դեղերն են կեղծում: Պատգամավորի խոսքով՝ ազգային անվտանգության խնդիր է, պաշտպանությանը հավասարազոր խնդիր է, սակայն համակարգում բացիթողի վիճակ է, կա անպատասխանատու, անլուրջ պետական վերաբերմուք:

«Ցանկացած մարդ կարող է ցանկացած քանակի դեղ բերի, թունավորի որքան մարդու ուզի: Իրականում տեսականորեն, պրակտիկորեն  այս բանը հնարավոր է: Սրա դեմն ո՞վ է առնելու»,- իր ելույթում ասաց Արամ Մանուկյանը:

Placeholder
Հայաստանի դեղերի համակարգում SOS պետք է բարձրացվի. Արամ Մանուկյան