Bloomberg-ը Ռուսաստանում ինֆլյացիայի նոր ալիքի վտանգ է տեսնում
Տնտեսություն
15:03 19/10/2016

Bloomberg-ը Ռուսաստանում ինֆլյացիայի նոր ալիքի վտանգ է տեսնում

Ռուսաստանում Կենտրոնական բանկի կողմից ինֆլյացիայի կառավարումը մանրածախ առևտրի ծավալների ` արդեն 21 ամիս շարունակվող անկման պատճառով վտանգի տակ է գտնվում: Այս մասին հաղորդել է Bloomberg գործակալությունը`  հղում կատարելով Ռուսաստանի գլխավոր դրամատան հրապարակած ցուցանիշներին:

Եկամուտների անհավասար բաշխման խորացման և միջին եկամուտ ունեցող ընտանիքների կրճատման հետևանքով Կենտրոնական բանկի կողմից ինֆլյացիայի կառավարումը կարող է վտանգի տակ հայտնվել: Գործակալության տվյալներով` Ռուսաստանում մանրածախ առևտրի անկումը շարունակվում է արդեն 21 ամիս, այն դեպքում, որ բնակչության տնօրինած իրական եկամուտներն ամեն տարի կրճատվում են 7 տոկոսով:

«Միջին խավի անկումը բացասական կազդի ինֆլյացիայի վերահսկման վրա, քանի որ բարձրանում են ռիսկերը` կապված հարկաբյուջետային քաղաքականության հետ», - գործակալության հետ զրույցում ասել է տնտեսագետ Օլեգ Կուզմինը:

«ԿԲ տվյալները ցույց են տալիս, որ սոցիալական առավել խորը անհավասարությունը նվազեցնում է գների ճկունությունը  և բարդացնում է ինֆլյացիայի վերահսկման գործընթացը: Առավել քիչ ունևոր ընտանիքները, որպես կանոն, որոնք չունեն խնայողություններ և վարկ վերցնելու հնարավորություն, առաջին հերթին իրենց տնօրինած եկամուտը ծախսում են առաջին անհրաժեշտության ապրանքների վրա և ծանր են արձագանքում տոկոսադրույքների փոփոխմանը», - կենտրոնական բանկի եզրահանգումները մեջբերում է գործակալությունը:

Նշենք, որ Ռուսաստանի Կենտրոնական բանկի տնօրենների խորհուրդը սպետեմբերի 16-ին որոշում կայացրեց նվազեցնել հիմնական տոկոսադրույքը` 10,5%-ից մինչև 10%: Ավելի ուշ ԿԲ ղեկավար Էլվիրա Նաբիուլինան հայտարարեց, որ 2016թ-ի ընթացքում հիմնական տոկոսադրույքի հավելյալ նվազեցումը քիչ հավանական է:

Նշենք, որ տարեսկզբից Ռուսաստանի Դաշնությունում գրանցվել է 4,05% ինֆլյացիա, իսկ մեկ տարվա կտրվածքով` 6,42%:

Placeholder
Bloomberg-ը Ռուսաստանում ինֆլյացիայի նոր ալիքի վտանգ է տեսնում