ՀՀ-ում կեղծ դեղեր չեն արտադրվում. Փոխնախարար
Առողջություն
13:45 19/10/2016
Հայաստան

ՀՀ-ում կեղծ դեղեր չեն արտադրվում. Փոխնախարար

«Երկար տարիների ընթացքում համոզվել ենք, որ կեղծ դեղերը ոչ թե Հայաստանում են արտադրվում, այլ Հայաստանի տարածքից դուրս»,- Ազգային ժողովի արտահերթ նիստում «2015 թվականի դեկտեմբերի 2-ին Մոսկվայում ստորագրված «Հայաստանի Հանրապետության` «Եվրասիական տնտեսական միության շրջանակներում դեղամիջոցների շրջանառության միասնական սկզբունքների և կանոնների մասին» 2014 թվականի դեկտեմբերի 23-ի համաձայնագրին միանալու մասին» արձանագրության վավերացման հարցի քննարկմանն ասաց  ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Սերգեյ Խաչատրյանը:

Ըստ նրա, սա նշանակում է, որ կեղծ դեղերի դեմ պայքարի ամենագործուն մեխանիզմներից մեկն այն է, որ այն երկրներից, որտեղից ներմուծվում, գալիս են Հայաստան, այդ երկրները նույնպես պետք է ջանքեր, մեխանիզմներ գործադրեն կեղծ դեղերի արտադրության դեմ պայքարելու համար:

«Պետականորեն վերահսկվում է միայն օրինական արտադրությունը»,- ընդգծեց փոխնախարարը՝ հավելելով, որ կեղծ դեղերի հայտնաբերման միակ ճանապարհը փորձաքննությունն է և ահազանգը:

«Մենք ունենք տեսչական մարմին, որի կարողությունները փոքր են, թույլ են, ուժեղացնելու կարիք կա: Այս համաձայնագրով այս կարողություններն ընդկայնվելու են»,- ասաց Ս. Խաչատրյանը:

Նրա խոսքով՝ կեղծ դեղերի դեմ պայքարը իսկապես մեծ նշանակություն ունի, ազգային անվտանգության խնդիր է, աշխատանքներում  ներգրավված են այլ գերատեսչություններ ևս: 

ՀԱԿ խմբակցության պատգամավոր Արամ Մանուկյանն ասաց, որ ցավազրկող դեղերի մեծ մասը ցավազրկող չէ. «Հենց բժիշկներն են ասում՝ աշխատեք այստեղի դեղերից չօգտվել, ուրիշ տեղերից բերեք»:

Միաժամանակ պատգամավորը հավելեց, որ այլ երկրներից  դեղեր բերելը ձեռտու է և որակի, և գնի առումով:

«Բացիթողի, անտեր վիճակ է այս համակարգում: Ո՞վ է տիրություն անում: Հաճախ մարդիկ սրանից տուժում են: Դրա համար քաղաքացիները ծանոթ են գտնում, որ դրսից դեղ բերեն իրենց համար»,- ասաց Արամ Մանուկյանը:

Առողջապահության փոխնախարարը կրկնեց, որ Հայաստանում կեղծ դեղեր չեն արտադրվում:
«Թյուր կարծիք կա, որ Վրաստանում ձեռք բերած դեղերը բարձր որակի են: Միջազգային բազմաթիվ փորձագետների քննարկումների ժամանակ ամենամեծ թվով կեղծ դեղերի առկայությունն արձանագրվել է Վրաստանի շուկայում»,- ասաց Ս.Խաչատրյանը:

Placeholder
ՀՀ-ում կեղծ դեղեր չեն արտադրվում. Փոխնախարար